Կարևոր իրադարձություններ

Գարեգին Բ-ն ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիային

16 Ապրիլ, 2019 12:58
Գարեգին Բ-ն ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիային

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, իր հերթին, նշել է, որ եկեղեցում սրտի խորը ցավով են հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը։

«Սուրբ Աստվածամոր տաճարը քրիստոնեական հավատի բազմադարյա վկայարաններից է, իր պատմական առաքելության հետ մեկտեղ մեր ժամանակներում նաև կարևոր խորհրդանիշը Ֆրանսիայի բարեկամ մեր երկրի։ Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում Փարիզի ժողովրդին և Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն», - նշվում է կաթողիկոսի ուղերձում։

 

Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում խոշոր հրդեհ էր բռնկվել: Այրվում էր Փարիզի գոհարներից մեկը՝ հնամենի Աստվածամոր տաճարը: Հերդեհն արդեն մարվել է, սակայն Աստվածամոր տաճարն էականորեն վնասվել է: Փլուզվել է տաճարի սրածայր աշտարակը, հրդեհը վնասել է հենակառույցը։

Հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 400 հրշեջ, Figaro թերթը, հղում կատարելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, տեղեկացրել է բաց կրակի վերացման մասին։ Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ իրավիճակը կարող էր կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր շինափայտով։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է «աշխարհի մեծագույն տաղանդների օգնությամբ վերակառուցել 850-ամյա տաճարը»: Բացի այդ, նա համազգային դրամահավաք է հայտարարել:

Դրամահավաքին արդեն միացել են մեծ գործարարներ եւ խոշոր գումարներ փոխանցել՝ տաճարի վերականգնման համար: Ֆրանսիացի գործարար-միլիարդատեր Պինոյի ընտանիքը 100 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար:

Բացի այդ Իլ դե Ֆրանս տարածաշրջանը 10 մլն եվրո (մոտ 11,3 մլն դոլար) կհատկացնի հրդեհված Փարիզի Աստվածամոր տաճարին անհապաղ օգնություն տրամադրելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին