Կարևոր իրադարձություններ

Վարչապետը կարեւորել է Ագրարային համալսարանի դերը գյուղացու կյանքում

15 Ապրիլ, 2019 23:04
Վարչապետը կարեւորել է Ագրարային համալսարանի դերը գյուղացու կյանքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան:

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, որն այդ պաշտոնում ընտրվել է նախորդ տարեվերջին, նախ ներկայացրեց, թե ինչ վիճակում է ընդունել համալսարանը, ապա անդրադարձավ այն փոփոխություններին, որոնք արդեն իրականացվել են ու դեռ նախատեսվում են:

 

Համալսարանում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, բացառվել են թելադրության ձեւով դասախոսությունները, ստեղծվել է Moodl հարթակ՝ ուսանողներին անհրաժեշտ էլեկտրոնային նյութերով ու տեղեկատվությամբ, ներդրվել է Mulberry փաստաթղթաշրջանառության համակարգ եւ այլն: Ագրարային համալսարանում բակալավրիական կրթությունը նախատեսվում է 5 տարվա փոխարեն դարձնել 4 տարի: Բակում կառուցվելու է նոր՝ մոդեռն ջերմատուն, որտեղ ուսանողները կծանոթանան բոլոր տեխնոլոգիաներին եւ կստանան պրակտիկ հմտություններ, գինեդարանը նախատեսվում է դարձնել գինու տուրիզմի եւ ուսումնական կենտրոն: «Մեր երազանքն է, որ համալսարանը դառնա ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն»,- մի շարք այլ ծրագրեր թվարկելուց հետո արձանագրեց Վարդան Ուռուտյանը:

Այն, ինչ այստեղ տեսավ ու լսեց վարչապետը, նրան կարծես գոհացրեց, բայց մի սկզբունքային դիտարկում ուներ՝ կապված բարեփոխումները իրականացնելու համալսարանի մոտեցման հետ:

Ռեկտոր Ուռուտյանը նշեց, որ համալսարանում ներդնելու են ոչ ավանդական ֆինանսավորմամբ ֆոնդագոյացման մեխանիզմներ. «Ֆրեզնոյում կա մի ֆոնդ՝ հայկական ագրոբիզնեսի կրթության ֆոնդը, որի հետ բանակցում ենք, որ ենթահաշիվ ունենանք: Սա ազատված ֆոնդ է, եւ ասենք սփյուռքի բարերարների բոլոր նվիրատվությունները հարկերից ազատվում են: Այդ գումարները ուղղելու ենք համալսարանի զարգացմանը: Կանոնավոր աշխատանքներ մշտապես տանում ենք բարերարների, հիմնադրամների հետ, քանի որ այս մեր բոլոր ենթակառուցվածքները վերազինելու համար բավականաչափ մեծ գումարներ են պետք, եւ մեր ռեզերվները այսօր բավարար չեն»:  

Վարչապետին հետաքրքրեց՝ կա՞ հաշվարկ, թե ծրագիրն ամբողջ ծավալով իրագործելու համար որքան գումար է անհրաժեշտ: Դրական պատասխան ստանալուց հետո նա կարեւոր համարեց, որ պետական նշանակության ծրագրեր իրագործելու համար բարերարներին դիմելուց առաջ նախ կառավարություն դիմեն:

«Գուցե մենք պետք է տրամաբանությունը փոխենք: Մենք համոզվա՞ծ ենք, որ մենք չենք կարող ունենալ ռազմավարություն, նախագիծ, նախահաշիվ, եւ դա իրականացնել մեր բյուջեի միջոցներով: Իհարկե, ով կուզենա օգնել, թող օգնի, բայց տպավորություն է, որ անընդհատ մենք ինչ ուզում ենք, գնում ենք բարերարներին ասում՝ մի բան տվեք: Ես համոզված չեմ՝ դա ճի՞շտ մոտեցում է: Բա ինչի՞ համար է կառավարությունը: Բարերաների ներգրավվածությունը շատ լավ է, բայց այդ գործունեությունը մի տեսակ պետական տրամաբանության մեջ չէ»,- արձանագրեց վարչապետը: Ուշադրություն հրավիրեց, որ բարերարների օգնությանը ապավինելու դեպքում ձեռնարկված փոփոխություններն ամբողջացնելու համար կարող է, ասենք, տասը տարի պահանջվել, մինչդեռ խնդիրը հրատապ է:

«Այդ տասը տարին փող չէ՞: Իսկ գուցե մեզ պետք է դա անել երկու տարում, երեք տարում: Իսկ գուցե պետք է մեկ տարի ոչինչ չանել, կենտրոնանալ դրա՞ վրա: Ես օրինակ մի քանի անգամ հայտարարել եմ՝ փողի խնդիր չունենք: Առնվազն անցալ տարի (հնարավոր է՝ նաեւ այս տարի), ընդհակառակը, ունեցել ենք բյուջեի ծախսային մասը կատարելու խնդիր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ագրարային համալսարանը կառավարության համար այսօր ունի առաջնային նշանակություն եւ դրա զարգացումը պետական կարեւորության գործ է, որը պետք է արվի պետական մակարդակով:

«Ագրարային համալսարանը հատկապես այս պահին ինչու է մեզ համար առանցքային կարեւորություն ունեցող: Որովհետեւ մեր երկրում աշխատուժի մեծ մասը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում, եւ այդ ոլորտում ամենամեծ պրոբլեմն այն է, որ մարդու կյանքը ձեւակերպվում է այսպես. չարչարվում ենք, բայց արդյունք չունենք: Մեր ամենակարեւոր խնդիրն է, որ օգնենք մեր գյուղացիներին, որպեսզի նախ այդ չարչարանքը դառնա աշխատանք: Չարչարանքի եւ աշխատանքի միջեւ տարբերությունն այն է, որ աշխատանքի մեջ հաճույքի, բավարարվածության շատ մեծ կոմպոնենտ կա: Եվ երկրորդը, որ աշխատանքը լինի արդյունավետ: Մեր խնդիրն այն է, որ աշխատանքի պրոցեսի մեջ զուտ ֆիզիկական ուժի կիրառումը հնարավորինս նվազի եւ հնարավորինս ավելանա մտավոր աշխատանքը: Եվ իհարկե աշխատանքը պետք է չարչարանք չլինի, ի վերջո, որովհետեւ եթե աշխատանքը տառապանք է, դա ինքնին արդեն պրոբլեմ է: Լավ, այդ մարդը ծնվել է չարչարվելո՞ւ համար: Նա պետք է իր ամեն օրվա կյանքից, աշխատանքից հաճույք ստանա, եւ ուրախ եմ, որ այն, ինչ որ ներկայացնում եք, համապաատսխանում է այդ տրամաբանությանը»,- Ագրարային համալսարանում արձանագրեց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին