Կարևոր իրադարձություններ

Դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը Միհրան Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ

15 Ապրիլ, 2019 21:40
Դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը Միհրան Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը և որոշում կայացրեց ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ։ 

Պողոսյանը գտնվում է հետախուզման մեջ։ Այսօր ՀՔԾ նրան մեղադրյալ է ներգրավել ոչ միայն հայտնի Պանամայի օֆշորի գործով, այլև մի շարք դրվագներով։ Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Միհրան Պողոսյանը օֆշորային սկանդալի գործով վերջերս հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության, սակայն չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։ Սակայն ապրիլի 10-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալու հարցաքննությանը:

ՀՔԾ-ն այս տարվա հունվարի 24-ին է վերսկսել օֆշորի քրեական գործի վարույթը, մինչդեռ 2017-ին քրեական գործը՝ կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ Այն ժամանակ գործը հարուցվել էր ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։ Դրա համար հիմք էր հանդիսացել «Հետք»-ի հրապարակումն այն մասին, որ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների միջոցով բիզնես է արել, պաշտոնն օգտագործել է սեփական գործի զարգացման համար՝ թաքցնելով եկամուտները։

2017-ի հունվարին, երբ կարճվել էր քրեական գործը, «Ազատության» հետ զրույցում Միհրան Պողոսյանը թյուրիմացություն էր որակել այն:

«Ես ի սկզբանե ներկայացրել եմ փաստաթուղթ, որում սևը սպիտակով գրված է եղել, որ այդ ամենը թյուրիմացություն է և ճիշտ ինֆորմացիա չէ, և բազմաթիվ մարդիկ այդ ամիսների ընթացքում հարցաքննվեցին», - նշել էր Միհրան Պողոսյանը։

Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդագրություն տարածեց, որում ասվում է, որ 2011 թվականին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինքգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, այդ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:

Միհրան Պողոսյանը, ի պաշտոնե արտոնություններ և առավելություններ է տրամադրել այդ ընկերությանը, և 2014-ին հենց իր կողմից կառավարվող «Բեսթ ռեալթի» ընկերության հետ կնքել է անշարժ և շարժական գույքի գնահատման պայմանագիր։ Ըստ այդմ, դրա հիման վրա ընկերությունը 2014-2016 թվականներին անշարժ և շարժական գույքի գնահատման ծառայություններ է մատուցել ԴԱՀԿ ծառայությանը, և որ Միհրան Պողոսյանի հովանավորչությամբ կատարել է գույքի գնահատումների գերակշիռ մասը։ Սրա հետևանքով պետական բյուջեի՝ հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից այդ կազմակերպությանը վճարվել է ավելի քան 43 միլիոն դրամ։

Բացի օֆշորային սկանդալից, Պողոյանն, ըստ իրավապահների, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, սակայն, աշխատանքի չեն գնացել, զբաղված են եղել Միհրան Պողոսյանի անձնական հանձնարարությունները կատարելով, բայց Պողոսյանի իմացությամբ ստացել են ավելի քան 44 միլիոն դրամ աշխատավարձ։ Հենց այս գումարը, ըստ ՀՔԾ-ի, Պողոսյանը, հափշտակել է պետական բյուջեի միջոցներից։

«Բացի այս դրվագից, նախկին իշխանության ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը, ըստ իրավապահների, ԴԱՀԿ -ի համար ապրանքներ է ձեռք բերելու և ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել իր կողմից կառավարվող կազմակերպությունների հետ: Մասնավորապես, 2011-2016 թվականներին փաստացի իր կողմից կառավարվող Քեթրին գրուպ ընկերությունից ապրանքներ է ձեռք բերել ԴԱՀԿ -ի համար։ 211 միլիոն դրամով գնել է 32 հատ «Բիդ» մակնիշի ավտոմեքենա, որոնցից 20-ը իրացման արժեքից շուրջ 20 միլիոն դրամ ավելի բարձր գնով։ Սրա հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ», - ասված է ՀՔԾ հաղորդագրությունում։

Մամուլում տարածվել է Պողոսյանի գրասենյակի հաղորդագրությանը, որով նա քրեական գործը որակում է շինծու և կարված։ «Այսօրվա իշխանությունների օրոք ՀՔԾ-ն 9 ամիս շարունակ փորձում էր ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային լեգենդին՝ այն է հաշվիների վրա 800 մլն դոլար ունենալու հեքիաթին, որևէ փաստացի հիմնավորում տալ։ Անարդյունք»,- ասված է հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին