Կարևոր իրադարձություններ

Ձնամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում (լուսանկարներ)

15 Ապրիլ, 2019 20:04
Ձնամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում (լուսանկարներ)

Ձնամարտը Հայաստանում որպես սպորտաձև զարգանալու նոր հեռանկարներ է ձեռք բերում։ Ապարանում այս տարվա փետրվարին անցկացված Ձնամարտի առաջնությունից հետո Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան գրանցեց իր մյուս հաջողությունը․ պաշտոնական հրավեր ստացավ Ֆինլանդիայի ձնամարտի ֆեդերացիայից։

Ապրիլի 5-ից 7-ը Ֆինլանդիայի Կեմիյարվի քաղաքում Հայաստանի հավաքականը մասնակցեց Ձնամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությանը, որի շրջանակներում մրցեց մի շարք եվրոպական երկրների թիմերի հետ։

Ի սկզբանե ձնամարտի առաջնությունը նախադեպային է եղել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ տարածաշրջանում։ Հայաստանի հարևան երկրներից ոչ մեկը Ձնամարտի միջազգային միության անդամ չէ։

Ձնամարտի հայաստանյան հավաքականը Ֆինլանդիայից վերադարձել է մեծ տպավորություններով։ Մեկնել են առաջնության նախորդ օրը։ Հայտարարելով դրամահավաք՝ հասել են իրենց նպատակին, քանի որ, իրենց ասելով, առաջնային նպատակը հայրենական սպորտի առաջխաղացումն է։ Ֆեդերացիայի ծրագրերի համակարգող Արտակ Գևորգյանի խոսքով՝ սպորտաձևի համայնքին ծանոթանալը նրանց շատ բան է սովորեցրել․ «Եվրոպա ուղևորվելով՝ մենք հնարավորություն ստացանք նաև խորությամբ ճանաչել ձնամարտի ռազմավարությունը, իսկ մրցակից թիմերն ապահովեցին լավագույն փորձի իրենց փոխանակումը»։

Արտակի համար տպավորիչ էր այն լրջությունը, որով Եվրոպայում վերաբերվում են ձնամարտին։ Արտերկրում այն արդեն կայացել է՝ որպես առանձին սպորտաձև, դե իսկ Հայաստանում հաջողելու ճանապարհին է․ «Մեզ մոտ էլ կարող են ձևավորվել առանձին թիմեր ու մասնակցել ձնամարտի միջոցառումներին։ Մեր մրցակից երկրների շարքում կային այնպիսիք, որոնք ներկայացրել էին միանգամից 3 թիմ»։

Ֆեդերացիայի հիմնադիր Տիգրան Պետրոսյանը ամենակարևոր ձեռքբերումը համարում է համագործակցության մեկնարկը մասնակից երկրների հետ․ «Ֆինլանդիայում մենք հուշագրեր կնքեցինք Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի ձնամարտի ֆեդերացիաների հետ։ Այս պահին ունենք նախնական պայմանավորվածություն, որ Ձնամարտի՝ Եվրոպայի 27-րդ առաջնությունը կանցկացվի Հայաստանում»,-հպարտությամբ նշում է Տիգրանը՝ հավելելով, որ այսքանով չեն սահմանափակվելու։

Առաջիկայում նպատակ ունեն բացել ձնամարտի ակումբներ համալսարաններում և դպրոցներում, որը թե՛ կնպաստի սպորտաձի մասին հանրային իրազեկմանը, թե՛ կապահովի ավելի մեծ թվով մարդկանց մասնակցություն։ Տղաների խոսքով՝ ձնամարտը չի կարելի համարել բացառապես սեզոնային սպորտաձև․ «Ֆինլանդիայում մեզ մեր գործընկերը ցույց տվեց արհեստական, փափուկ ձնագնդեր, որոնք նախատեսված են ամռանը ձնամարտ խաղալու համար։ Օրինակ, Ճապոնիայի մեր գործընկերները խաղեր են կազմակերպում նաև ամռանը, այնպես որ Հայաստանում այն ևս հնարավոր է»,-նշեցին ֆեդերացիայի անդամները։





 

Լրահոս

Դիտել ավելին