Կարևոր իրադարձություններ

Հանրությունը պետք է տեսնի, որ լուրջ մարդկանց հետ գործ ունի. Փաշինյանը՝ ԼՂ բանակցությունների մասին

15 Ապրիլ, 2019 19:59
Հանրությունը պետք է տեսնի, որ լուրջ մարդկանց հետ գործ ունի. Փաշինյանը՝ ԼՂ բանակցությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւոր է համարում, որ Արցախյան խնդրի կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններից հետո հանրության համար որոշակիորեն պարզ լինի, թե կողմերն ինչի մասին են խոսել:

«Հանդիպումներին հաջորդող եւ նախորդող հայտարարությունները երբեմն չեն համապատասխանում բուն խոսակցության ոգուն: Վիեննայում էլ, դրանից առաջ էլ, հետո էլ իմ կոչը լինելու է դա, որ եկեք, եթե անհրաժեշտ է, շատ չծավալվենք բանակցությունների մասին, բայց ասենք ինչ-որ բան, որ մարդիկ հասկանան՝ լուրջ մարդկանց հետ գործ ունեն, որովհետեւ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ անլուրջ վիճակ է, երբ երկու երկրի ղեկավար մի սենյակում երկու ժամ խոսում են, եւ հետո հանրությունը նրանց հայտարարություններից չի կարողանում հասկանալ՝ լավ, ի վերջո, ինչ են քննարկել: Դա ամենամեծ պրոբլեմն է բանակցային գործընթացի համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է հայկական կողմը պատկերացնում բանակցությունների շարունակությունը, երբ Բաքուն կրկին խոսում է օկուպացված տարածքների ու դրանցից հայկական զինուժի դուրսբերման անհրաժեշտության մասին:

Փաշինյանն ընդգծեց հնուց եկած իներցիայի գոյությունը, որ ամեն հանդիպումից հետո կողմերից յուրաքանչյուրը փորձում է ապացուցել, որ հաղթել է մյուսին: Դա, ըստ նրա, սխալ տրամաբանություն է:

Վարչապետը նշեց, որ Հայաստանը խաղաղություն չի քարոզում: «Մենք բանակցությունները շարունակում ենք: Պետք է կողմերը լինեն նույն հաճախականության մեջ: Եթե պետք է լինում, մենք նույնիսկ մեր հաճախականությունը փոխում ենք, որպեսզի մեր գործընկերներին բերենք նույն հաճախականության մեջ, որովհետեւ Վիեննայում, Դավոսում, Սանկտ Պետերբուրգում, Դուշանբեում մեր խոսակցության ոգին այն է, որ մենք պետք է աշխատենք այս խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, եւ ես հույս ունեմ՝ բոլորս անկեղծ ենք մեր այս մղումներում, որովհետեւ եթե բանակցությունների սեղանի շուրջ մեկը մյուսին փորձի խաբել, դա արդեն չի ստացվի, ուրիշ տեղ կհասնենք: Մենք խաղաղություն չենք քարոզում, մենք առաջարկություններ ենք անում հարցի կարգավորման որոշակի պլատֆորմ ստեղծելու: Կա պատերազմի ճանապարհը եւ կա խաղաղության ճանապարհը: Մենք ասել ենք, որ մեզ պատերազմով չեք վախեցնի, պետք չէ վախեցնել, մենք էլ ոչ մեկին չենք վախեցնում, եկեք որոշենք՝ ի վերջո ուզո՞ւմ ենք խաղաղության պլատֆորմի վրա լուծենք այս հարցը, թե չէ: Եվ կարծում եմ՝ ցանկացած բանական մարդ պետք է աշխատի կոնֆլիկտը լուծել խաղաղության պլատֆորմի վրա: Հակառակ դեպքում բանակցային գործընթացն ի՞նչ իմաստ ունի»,- արձանագրեց Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին