Կարևոր իրադարձություններ

Վարչապետը՝ մաքսային ծառայողի ազատման մասի

15 Ապրիլ, 2019 18:38
Վարչապետը՝ մաքսային ծառայողի ազատման մասի

Եթե այդպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի այն, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետև Սահմանադրության համաձայն՝ վարչապետ ընտրվելուց հետո նա մեկ տարի պաշտոնանկության ենթակա չէր. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ իրեն ուղղված բաց նամակին, որում նշվում էր, թե խախտվել է ավտոմաքսատան աշխատակցի իրավունքները:

Հիշեցնենք, որ Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ժամանակ սենյակներից մեկում վարչապետը հրահանգել էր, որ այդ սենյակի բոլոր աշխատողները ազատման դիմում գրեն ՀՀ դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:

«Ինչի՞ մասին է խոսքը: Այդ միջադեպի հետ կապված կարո՞ղ եք բացատրել, թե ինձ ինչում են մեղադրում և ես ինչի՞ եմ մեղավոր: Ասում են՝ այ Նիկոլը մեծամտացել է, մաքսայինին ասում է, որ վարչապետը մոտենում է, այդպես չեն դիմավորում վարչապետին: Եթե վարչապետի մոտենալն է այդպիսի արձագանք առաջացնում, հիմա շարքային քաղաքացու մոտենալը որևէ այդպիսի արձագանք կառաջացնի՞: Բա էդ մաքսային մարմիններից, որ այդքան բողոքում են, հարյուրավոր նամակներ ենք ստանում, բա ինչի՞ մասին է խոսքը: Օրինակ՝ պետական բազմաթիվ մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտք գործելը որևէ ռեակցիա չի առաջացնում»,- ասաց վարչապետը:

Դիտարկմանը, թե այդ մաքսայինը, կարծես, քավության նոխազ դարձավ, Փաշինյանն արձագանքեց. «Եղել է փաստ, և փաստին արձագանք: Ես չէի պլանավորել, որ հատուկ պետք է մտնեի այդ սենյակ: Իմիջիայլոց, ես հետագայում հետաքրքրվել եմ՝ մեր հարգարժան քաղաքացին մշտապես աշխատել է ՊԵԿ-ում, մի կարճ ժամանակ աշխատել է ԱԺ-ում և հետ է եկել ՊԵԿ»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ստացվում է՝ աշխատողն իր դիմումի համաձայն է դուրս եկել, բայց վարչապետի հորդորն է եղել պատճառը, վարչապետն ասաց. «Բա ի՞նչ անեի: Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ: Բայց ես իմ դիրքորոշումն ունեմ, որ այդպիսի մարդիկ չպետք է լինեն համակարգում: Թող ոչ ոք անակնկալի չգա: Ես կարծում եմ, որ պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք բարձրացնող ոչ մի ակցիա այդքան արդյունավետ չի եղել, որքան որ եղել է այդ օրվա միջադեպը»:

Նա ասաց, որ հենց այդ օրվանից սկսել է տեղեկատվություն ստանալ, որ ամբողջ պետական համակարգը սկսել է զբաղվել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելով: «Ես կարող եմ ասել՝  իր նպատակին արդեն ծառայել է այդ միջադեպը: Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքին, կարծում եմ՝ լավ մասնագետը Հայաստանում, իսկ այդտեղ լավ մասնագետներ պետք է աշխատեն՝ ենթադրում եմ, աշխատանքի խնդիր չպետք է ունենա: Անընդհատ ասում են՝ քաղաքացի, բայց նախքան քաղաքացի լինելը մեր սիրելի հայրենակիցը ուսադիրներով մարդ է, եթե ուսադիրներով մարդու՝ պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք ունենալու կուլտուրան բավարար մակարդակի չէ, ես մնում եմ իմ կարծիքին և հարգում եմ մնացածի կարծիքը»,- եզրափակեց Փաշինյանը

 

Լրահոս

Դիտել ավելին