Կարևոր իրադարձություններ

«Ռազմական ուսումնական հաստատություններում կդասավանդվեն ռազմապարեր»

15 Ապրիլ, 2019 13:15
«Ռազմական ուսումնական հաստատություններում կդասավանդվեն ռազմապարեր»

Հայաստանում գործող ռազմական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում նախատեսվում է ներառել ռազմապարեր: Այնուհետեւ այդ պարերը կներմուծվեն նաեւ զինված ուժեր:

Նախաձեռնության հեղինակը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի հիմնադիր Գագիկ Գինոսյանն է: Ծրագիրը նախ կփորձարկվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, կորոշվի դրա բարոյահոգեբական ազդեցությունը այնտեղ կրթություն ստացող երիտասարդների վրա, կգնահատվեն ծրագրի թերություններն ու առավելությունները եւ անհրաժեշտ շտկումներից հետո այն կներդրվի առավել մեծ ծավալով:

Ռազմապարը ոչ միայն ֆիզիկական պատրաստականություն է, ոչ միայն հոգու եւ մարմնի ներդաշնակում է, ոչ միայն ոգեղենություն է, այլ նաեւ հավաքական ոգեղեն դաշտ սեղծող մի կարեւոր գործոն է, երբ կարողանում ես զինվորների մեջ ընդհանուր հավաքական ոգեղենություն ստեղծել, ինչը մեկ այլ պարագայում շատ դժվար եւ անիրականանալի երեւույթ է, որովհետեւ, ցավոք սրտի, այսօր ոչ միշտ է, որ զորավարը կարողանում է իր հռետորական հմտությամբ, իր ոգեղեն խոսքով ստեղծել այդ հավաքական ոգին: Նժդեհն ասում է, որ բանակը հավաքական ոգի է, այն ոգին, որը կարողանում է նրա մեջ ստեղծել զորավարը»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Գագիկ Գինոսյանը:

«Ուստի զորավարի համար լավագույն միջոցներից մեկը՝ հավաքական ոգի կերտելու, զինվորներին ազգային ինքնությանը ավելի հարազատացնելու, ինքնաճանաչման եզրին բերելու, կարելի է ասել, ռազմապարն է, որը իր մեջ ե՛ւ հայոց պատմության բաղադրիչներ է պարունակում, ե՛ւ ազգային ինքնության տարրեր, ե՛ւ հոգու ու մարմնի ներդաշնակում, ինչպես ասացի, եւ իհարկե զինվորների մեջ հավաքական ոգի ստեղծելու միջոց է: Մանավանդ դիրքեր բարձրանալուց առաջ, կամ ինչպես ընդունված էր նախկինում, մարտի բռնվելուց առաջ մեր նախնիները պարում էին, որովհետեւ ռազմապարերը ստեղծում են անպարտելիության հոգեբանություն, իր մեջ ունեցած ոգեղենությունը ահռելի մի ներուժ է ներարկում զինվորի մեջ: Եվ մեր ազգային ինքնության գաղտնագրի մեջ են ներառված այդ բոլոր շարժումները, մեղեդին, ռիթմը»,- ռազմապարերի կարեւորությունն ընդգծելով՝ շարունակեց մշակույթի գործիչը:

Ուսուցման ծրագիրն արդեն պատրաստ է, դասացուցակը նույնպես հստակեցվում է, եւ նախատեսվում է ռազմապարերը դասավանդել արդեն այս ուսումնական տարվա վերջից, որպեսզի մինչեւ հաջորդ ուսումնական տարվա մեկնարկը անհրաժեշտության դեպքում նաեւ իրականացվեն ծրագրի խմբագրումները: Ռազմապարերի ուսուցման համար հատկացվել է տարեկան 60 դասաժամ:

Գագիկ Գինոսյանը հաստատեց, որ վերջնական նպատակն այդ պարերը զորամասեր հասցնելն է: «Եթե ռազմական համալասարան ավարտող ապագա սպան տիրապետում է, դա դեռ բանակի տիրապետելը չէ: Ապագա սպան հետո պիտի գնա բանակ, սկսի հրամանատարել, կարծում եմ, որ այս պարագայում նրա դերը ավելի վերահսկող կլինի: Այսինքն՝ ինքը պիտի կարողանա կարգավորել այդ դաշտը, բայց պիտի լինեն նաեւ այլ օղակներ, որոնք այդ աշխատանքը շարքային զինվորական անձնակազմին պիտի սովորեցնեն»,- փաստեց մեր զրուցակիցը:

Գինոսյանի ձեւակերպմամբ, կլինեն պարի ինստրուկտորներ, որոնք վերապաատրաստում կանցնեն եւ կունենան համապատասխան մասնագիտական հմտություններ: Հավելեց, որ արդեն իսկ բանակում կան բազմաթիվ ժամկետային զինծառայողներ, որոնք տիրապետում են այդ պարերին դպրոցական ծրագրից, եղել են տարբեր պարային խմբերի, այդ թվում «Կարին»-ի անդամներ. «Այնպես որ՝ ծրագրի ներդրումը ավելի շուտ կամք է պահանջում, քան թե ինչ-որ խնդիրներ կարող է առաջացնել: Կարծես թե բանակը՝ այսօրվա իր ղեկավարությամբ, այդ կամքի պակասը չունի եւ գաղափարական մոտեցում է  ցույց տալիս այդ ամենին: Կարծում եմ լուրջ խոչընդոտներ պիտի չունենանք, մնացածը մեր ջանքերից է կախված»:

Ապագա սպաներին ու զինծառայողներին սովորեցնելու են օրինակ, «Յարխուշտա», քոչարիների մեծ տեսականի՝ Կարնո քոչարի, Սասնա քոչարի, Մշո քոչարի, Ալաշկերտի քոչարի, «Քաջաց խաղ», «Իշխանաց պար», Շատախի «Ռազմապար», Շատախի «Քերծի», Սասունի «Պոզարե»: «Եվ, իհարկե, Մուսալեռի դաշույններով պարը, որ «Չալմը դանգը» է կոչվում: Այն ռազմապար է, բայց, ըստ իս հին ժամանակներում նաեւ ասպետ օծելու ծես է եղել»,- հավելեց Գագիկ Գինոսյանը:    

Մեզ չհաջողվեց պաշտպանության նախարարությունից մեկնաբանություն ստանալ ռազմապարերի ուսուցման ծրագրի վերաբերյալ՝ ինչո՞վ է գերատեսչությունը հիմնավորում դրա անհրաժեշտությունը, ի՞նչ քննարկումներ են անցկացվել՝ այն ներդնելուց առաջ եւ այլն:

Ավելի վաղ դպրոց էր ներմուծվել «Ազգային երգ ու պար» առարկան: Ծրագիրը մեկնարկել էր 2015 թվականից՝ սահմանափակ թվով՝ մեկ տասնյակ հանրակրթական հաստատություններում: Այնուհետեւ տարեցտարի դրանց թիվն ընդլյանվեց եւ այժմ «Ազգային երգ ու պար» է դասավանդվում շուրջ 250 դպրոցներում:

 

Լրահոս

Դիտել ավելին