Կարևոր իրադարձություններ

«Արդո՞ք կարելի էր խուսափել Զարթոնք համայնքի դեպքերից». Խոսրով Հարությունյան

14 Ապրիլ, 2019 09:53
Հեղինակ՝ Խոսրով Հարությունյան
«Արդո՞ք կարելի էր խուսափել Զարթոնք համայնքի դեպքերից». Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը գրում է.

Զարթոնք գյուղում իրավիճակը վերածվեց զանգվածային անկարգությունների՝ քրեական հանցագործության դեպքերով: Առավել մտահոգիչ է այն, որ գրեթե ամեն օր մենք ականատես ենք լինում այս կամ այն համայնքում համայնքի ղեկավարի գործունեությունից դժգոհ բնակիչների կողմից հանրային ընդվզման, ներկայումս մոդայիկ դարձած, ճանապարհների կամ գնացքի գծերի փակման դեպքերին: 

Հասկանալի է, որ բնակիչները այդ միջոցին դիմում են համայնքի ղեկավարին անհապաղ պաշտոնանկ անելու համար իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով: Որպես կանոն համայնքի ղեկավարին ներկայացվում են օրենքի խախտման կամ անձնական նպատակներին պաշտոնը ծառայեցնելու վերաբերյալ մեղադրանքներ: Եվ քանի որ նման մեղադրանքները պարունակում են նաև հանցագործության նշաններ, ապա առաջանում է իրավապահ կամ վերահսկողական մարմինների կողմից դրանք սահմանված կարգով ուսումնասիրելու անհրաժեշտություն՝ ինչը նաև ժամանակ է պահանջում: 
Այն դեպքերում, երբ համայնքի ղեկավարը չի տրվում դժգոհողների ճնշմանը և հրաժարական չի տալիս, ապա կրքերը շիկանում են՝ ինչպես դա տեղի ունեցավ Զարթոնքում: 

Հարց է առաջանում մի՞թե օրենքը չի նախատեսում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մեխանիզմներ: Անշուշտ նախատեսում է և այդ իրավասությունը վերապահված է համայնքի ավագանուն: Բայց քանի որ տեղական ինքնակառավարման համակարգում ամենաչկայացած ինստիտուտը ավագանին է (շատ համայնքներում համայնքի ղեկավարն ինքն է նախաձեռնում ավագանու անդամների առաջադրվելն ու ընտրվելը և սովորաբար ավագանու կազմում ընդգրկում է իր մտերիմներին կամ հարազատներին), ապա ավագանու անդամների նախաձեռնությամբ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելը, ըստ էության, դառնում է անհնարին:  
Ստացվում է, որ եթե համայնքի ղեկավարը հրաժարական չի տալիս, ապա լարվածությունը համայնքում կարող է տևական ժամանակ պահպանվել, ինչն էլ հղի է անկանխատեսելի հետևանքներով, իսկ Կառավարությունն էլ, ի դեմս մարզպետի կամ այլ պատասխանատուի, տվյալ դեպքում վեր է ածվում ստատիստի կամ դիտորդի: Այսինքն նման դեպքերում իրավիճակի հանգուցալուծումը, մեծ իմաստով, պայմանավորված է համայնքի ղեկավարի ողջամտությամբ և քաղաքացիական պատասխանատվության գիտակցմամբ (թեպետ պարզ է, որ նման որակների առկայության պարագայում իրավիճակը չի դառնա պայթունավտանգ):

Ի՞նչ է կարելի անել նման դեպքերում: Ինչպիսի՞ լուծումներ կարելի է գտնել նման ոչ ցանկալի զարգացումներից խուսափելու համար: Ամենաարդյունավետ լուծումը դա օրենքով մարզպետին վերապահել իրաավասություն՝ համայնքի ղեկավարից բնակչության զանգվածային դժգոհության դեպքերում, խնդիրներն իրավապահ մարմիններին փոխանցելուն զուգահեռ, պաշտոնապես դիմել Կառավարությանը տվյալ համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկով՝ կցելով դրան ավագանու կարծիքը, եթե այն կա:  
Կառավարությունը մեկամսյա ժամկետում կողմերի մասնակցությամբ ուսումնասիրելով խնդիրը կարող է որոշում կայացնել պաշտոնանկ անել համայքնի ղեկավարին և նշանակել տվյալ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, որին կարող է մասնակցել նաև պաշտոնանկ արված համայնքի ղեկավարը: 
Եթե Կառավարությունը նպատակահարմար չի գտնում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անել, ապա մինչ իրավապահների կողմից համայնքի ղեկավարի գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված ընթացակարգերով քննության ավարտը, կարող է կասեցնել համայնքի ղեկավարի պաշտոնավարումը՝ նշանակելով համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: 
Տեղեկանքի կարգով հարկ եմ համարում նշել, որ շարադրածին մոտ համակարգ մեզանում նախկինում գործել է, ուղղակի հարկավոր է այն օրենսդրորեն վերականգնել:

 

Լրահոս

Դիտել ավելին