Կարևոր իրադարձություններ

Կալանավորված Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից. պաշտոնական

13 Ապրիլ, 2019 11:04
 Կալանավորված Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից. պաշտոնական

ՀՀ վարչապետի որոշմամբ, Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արսեն Դավթյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, այս տարվա մարտի 30-ին բուժհաստատություններից մեկի ղեկավարը Արսեն Դավթյանին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար: Նույն օրը բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է, իսկ ապրիլի 2-ին՝ կալանավորվել:

Իսկ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ աջակցություն էր հայտնել իրավապահ մարմիններին։

Մամուլի տեղեկություններում փոխնախարարին 3000 դոլար կաշառք է տվել ՀՀ գլխավոր մանկաբարձ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին