Կարևոր իրադարձություններ

Երևանում բացահայտվել է կեղծ փողերի իրացման դեպք

12 Ապրիլ, 2019 19:20
Երևանում բացահայտվել է կեղծ փողերի իրացման դեպք

Ապրիլի 11-ի գիշերը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Երևանի բնակիչ Սարգիս Անանյանը։ Գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Անանյանը բուքմեյքերական ընկերություններից մեկի գրասենյակում կեղծ եվրոներով պետք է խաղադրույք կատարի։

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, թղթադրամներն իրացնելուց անմիջապես հետո երիտասարդը բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն։ Նախնական տվյալներով՝ Սարգիս Անանյանը, դեռևս չպարզված այլ անձանց հետ, բուքմեյքերական ընկերության գրասենյակում որպես խաղադրույքների վճար իրացրել է 16 հատ 200 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ՝ ընդհանուր 3200 եվրո։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8 հատ 200 եվրո անվանական արժեքով թղթադրամ՝ ընդհանուր 1600 եվրո։ Ոստիկանները նրա բնակության հասցեի խորդանոցից առգրավել են 200 եվրո անվանական արժեքով 46 թղթադրամ՝ ընդհանուր 9200 եվրո։  Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 14.000 կեղծ եվրո ձեռք բերելու, պահելու և մի մասն իրացնելու կապակցությամբ կատարվում է քննություն։ Սարգիս Անանյանը ձերբակալվել է։ 
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին