Կարևոր իրադարձություններ

Հրաժարվել եմ իմ ծառայողականից, բայց օգտվում եմ հերթապահ ավտոմեքենայից

11 Ապրիլ, 2019 20:20
Հեղինակ՝ Էդուարդ Աղաջանյան
Հրաժարվել եմ իմ ծառայողականից, բայց օգտվում եմ հերթապահ ավտոմեքենայից

Հրաժարվել եմ ինձ կցված ծառայողական ավտոմեքենայից, բայց գործնական նպատակներով այցերի ժամանակ օգտվում եմ հերթապահ ավտոմեքենաներից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Վերջին օրերին «բացահայտումներ» են, որ տեղի են ունենում մամուլում, մասնավորապես նաեւ ծառայողական ավտոմեքենայից հրաժարվելու խոստումից իբր իմ հետ կանգնելու վերաբերյալ։ Էլ չեմ անդրադառնում մեղմ ասած անմակարդակ տեքստերի բառապաշարին, կարծում եմ լրատվամիջոցների անունները նշելու կարիք էլ չկա։

Այնուամենայնիվ պետք է անդրադարձ կատարեմ սույն մեղադրանքին, որպեսզի հասարակության մոտ տարընթերցում չլինի։

Երբ որոշում կայացվեց գրեթե 70 տոկոսով կրճատել վարչապետի աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների թիվը, ես գրառմանս մեջ նշեցի այն պաշտոնատար անձանց ցանկը, ում ԿՑՎԱԾ ավտոմեքենաները կշարունակեն վերջիններիս սպասարկել։ Նույն գրառման մեջ նշված էր նաեւ ավտոմեքենաների ցանկ, որը նախատեսված էր հերթապահ ծառայություն մատուցելու համար։ Սրանք այն ավտոմեքենաներն են, որոնք սպասարկում են վարչապետի աշխատակազմի անխտիր բոլոր աշխատակիցներին, միայն եւ միայն աշխատանքային այցերի նպատակով։ Սա նշանակում է, որ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր նախկինում ունեին իրենց անձնական ծառայողական ավտոմեքենան՝ ծառայողական այցելությունների ժամանակ կօգտվեն հերթապահ ավտոմեքենաներից։ Հաշվի առնելով, որ ինքս հրաժարվել եմ ինձ ԿՑՎԱԾ ավտոմեքենայից, նույնը վերաբերվում է իմ աշխատանքային այցերին եւս։ Այլ կերպ ասած՝ կցված ավտոմեքենան ծառայում է միայն մեկ պաշտոնյայի, իսկ հերթապահը՝ բոլորին։ Հետեւաբար՝ բոլոր մանիպուլյատիվ «բացահայտումներն» առ այն, թե իբր ես իրենց բառապաշարով «շուստրիություն» եմ անում, օգտվելով ծառայողական ավտոմեքենայից՝ աղերս չունեն իրականության հետ։ Վերահաստատում եմ եւս մեկ անգամ՝ հրաժարվել եմ ինձ կցված ծառայողական ավտոմեքենայից, բայց գործնական նպատակներով այցերին օգտվում եմ հերթապահ ավտոմեքենաներից, ինչպես եւ աշխատակազմի բոլոր մնացած աշխատակիցները։

P.S. Տվյալ հարցի կոնտեքստում մեկ այլ «սկանդալային բացահայտում» տեղի ունեցավ։ Պարզվում է՝ որպեսզի հանրության ուշադրությունը շեղեմ իմ դավադիր նպատակներից, հատուկ փոխել եմ իմ նախկին ավտոմեքենան եւ այժմ թաքուն պտտվում եմ Երեւանի փողոցներով։ Պետք է այստեղ էլ հիասթափեցնեմ։ Մերսեդես մակնիշի ավտոմեքենան ուղղակի հանձնել եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, քանի որ վերջինիս ավտոմեքենայի ընթացիկ ծախսերը ֆինանսապես անարդյունավետ էին դարձնում դրա շահագործումը։ Քանի որ մեր ավտոպարկում այլ ներկայացուցչական դասի ավտոմեքենա չկար, որոշում կայացրեցինք սույն Մերսեդեսը տրամադրել փոխվարչապետին, այն փոխարինելով Տոյոտա Պրադո մակնիշի մեքենայով։

P.P.S. Ամեն անգամ մտածում ես չանդրադառնալ նման անմակարդակ բանբասանքներին, եւ ամեն անգամ հասկանում ես, որ «Մեր հավաստի տեղեկություններով» նուրբ արվեստն ու դրա ազդեցությունը չի կարելի թերագնահատել»,–գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին