Կարևոր իրադարձություններ

Համաներում կիրառվել է 4601 անձի նկատմամբ

11 Ապրիլ, 2019 14:52
Համաներում կիրառվել է 4601 անձի նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով դատախազության ստորաբաժանումների կողմից իրականացվել է դատախազական հսկողություն ու վերահսկողություն՝ 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

ՀՀ դատախազությունն ամփոփել է համաներման մասին օրենքի՝ ճշգրիտ ու միատեսակ կիրառումն ապահովելուն ուղղված այդ աշխատանքների արդյունքները՝ 2019թ. փետրվարի 15-ի դրությամբ:

Համաձայն ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներից ստացված և մշակված տվյալների՝ համաներման մասին նշված օրենքի կիրառման արդյունքում որոշումներ են կայացվել ընդհանուր առմամբ 4601 անձի վերաբերյալ:

1. 889 անձի վերաբերյալ որոշումները կայացվել են մինչդատական քրեական վարույթի շրջանակներում: Կայացված այս որոշումների 57.5 տոկոսը վերաբերել է քրեական գործով վարույթը կարճելուն, 20 տոկոսը՝ առանց քրեական գործով վարույթը կարճելու քրեական հետապնդումը դադարեցնելուն, մնացածը՝ քրեական գործի հարուցումը մերժելուն և առանց քրեական գործով վարույթը կարճելուն՝ քրեական հետապնդում չիրականացնելուն:

ՀՀ դատախազության կողմից հսկողական և վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մինչդատական քրեական վարույթի շրջանակներում համաներման մասին վերոնշյալ օրենքի սխալ կիրառման 22 դեպք: Դրանք հիմնականում վերաբերել են մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու որոշումներին: Այսինքն թերի կատարված նախաքննության պայմաններում չեն ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր միջոցները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ, չեն ստուգվել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնք առնչվում են, օրինակ, հանցադեպի առկայությունն ապացուցված լինելուն, համաներման ակտ կիրառելու հիմքերին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջության ապահովմանը, իսկ առավելապես՝ մեղադրյալի կողմից հնարավոր այլ հանցագործություն կատարված լինելուն:

Օրենքի սխալ կիրառման արդյունքում կայացված բոլոր որոշումները վերացվել են դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ:

2. Համաներման մասին օրենքի կիրառման արդյունքում 1185 անձի վերաբերյալ որոշումները կայացվել են դատարանների կողմից: Դրանցից 313-ը եղել են քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, 362-ը՝ դատարանի կողմից նշանակված պատժից անձին ազատելու: 472 որոշում կայացվել է այն անձանց վերաբերյալ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և ավելի քիչ՝ որոնց նկատմամբ նշանակված պատժի կրումը հետաձգվել է:

ՀՀ դատախազության կողմից հայտնաբերվել է դատարանների կողմից համաներման մասին օրենքի անհիմն կիրառման 35 դեպք, որոնց առնչվող դատական ակտերը բողոքարկվել են: Դրանցից 17-ը բավարարվել է, 2-ը՝ մերժվել, իսկ 16 բողոքների քննությունն ընթացքի մեջ է:

3. Համաներման կիրառման վերաբերյալ որոշումներից 933-ը կայացվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերի կողմից: Դրանցից 570-ը վերաբերել է պատիժը կրելուց ազատելուն, 363-ը՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով նշանակված պատժաչափը կրճատելուն: Վերջիններիս արդյունքում 51 դատապարտված անձ ազատվել է պատժի կրումից՝ պատժաչափը կրճատվելու հետևանքով պատժի կրման ժամկետը լրանալու հետևանքով:

ՔԿՀ պետերի կողմից կայացված՝ համաներման ակտի կիրառման վերաբերյալ որոշումների օրինականության ստուգման արդյունքում հայտնաբերվել է օրենքի սխալ կիրառման 1 դեպք: Դատախազի միջնորդագրի հիման վրա որոշումը վերանայվել է և համաներման կիրառումը վերացվել է: Մի շարք դեպքերում արձանագրված ձևական-իրավական խախտումները վերացվել են աշխատանքային կարգով: Հաշվի է առնվել, որ այդ խախտումները դատապարտյալների իրավունքները որևէ կերպ չեն ոտնահարել:

4. ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ստորաբաժանումների կողմից կայացվել է համաներման մասին օրենքի կիրառման վերաբերյալ 1594 որոշում: Դրանց 74 տոկոսը եղել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց վերաբերյալ, 26 տոկոսը՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված այն անձանց, որոնց վարքագծի նկատմամբ իրականացվում էր վերահսկողություն:

ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կողմից համաներման մասին օրենքի կիրառմամբ ընդունված որոշումների օրինականության ստուգման արդյունքում հայտնաբերվել է այդ օրենքի սխալ կիրառման 7 դեպք: Դրանցից 1-ով հսկող դատախազի միջնորդությամբ համաներման կիրառման ակտը վերանայվել է, 4 դեպքով՝ կասեցվել: Մյուս 2 դեպքով դատարանը կայացրել է համաներման մասին օրենքը կիրառելու որոշումներ, որոնք դատախազության կողմից բողոքարկվել են:

Այսպիսով 15.02.2019թ. դրությամբ ընդհանուր առմամբ համաներման մասին օրենքը տարածվել և կիրառվել է 4601 անձանց նկատմամբ: Ընդ որում՝ նրանցից 621-ը փաստացի ազատվել են քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժը կրելուց, իսկ 1564 մեղադրյալներ, ամբաստանյալներ ազատվել են քրեական պատասխանատվությունից (նրանց նկատմամբ դադարեցվել է հարուցված քրեական հետապնդումը) կամ դատարանի կողմից նշանակված պատժի կրումից:

 

Լրահոս

Դիտել ավելին