Կարևոր իրադարձություններ

Ոչ միայն տվյալ աշխատակիցը այլ նաեւ ավտոմաքսատան պետն է ազատման դիմում գրել. ՊԵԿ նախագահ

11 Ապրիլ, 2019 13:41
Ոչ միայն տվյալ աշխատակիցը այլ նաեւ ավտոմաքսատան պետն է ազատման դիմում գրել. ՊԵԿ նախագահ

Կառավարության նիստից հետո լրագրողները ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեցին Նորագավիթի ավտոմաքսատան այն աշխատակցի մասին, որին եւ սենյակի մնացած աշխատակիցներին վարչապետը հորդորել էր աշխատանքից ազատման դիմում գրել՝ ՀՀ դրոշը գետնին գցելու համար: 

Armtimes.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ապրիլի 9-ի վաղ առավոտից վարչապետը եղել է ՊԵԿ-ում, այցելել տարբեր ծառայություններ եւ ամբողջ այցելության ընթացքի մասին վարչապետն իր տեսակետն է հայտնել հանրությանը: «Դուք կենտրոնացել եք մի փոքր էպիզոդի վրա, որը ձեր կարծիքով ինչ-որ առերեւույթ սենսացիա է պարունակում»,- ասաց ՊԵԿ նախագահն ու հավելեց, որ մարդկային ճակատագրի հարց չկա այդտեղ:

«Այն ինչ-որ վարչապետը տեսավ ու իր դուրը չեկավ, կոչ կամ հորդորներ արեց, կոչին ու հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով ու ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլ նաեւ ավտոմաքսատան պետն է ազատման դիմում գրել: Դա նրանց ընտրությունն է»,- ասաց Անանյանը:

Հարցին՝ ո՞վ էր ի վերջո պատասխանատու, որ դրոշն այդ վիճակում էր, Անանյանն ասաց, որ պատասխանատուն ինքն է: «ՊԵԿ նախագահն է պատասխանատվություն կրում ամեն ինչի համար, եթե ակնկալում եք, որ ես դիմում գրեմ, հեռանամ, դա ինձ համար կլինի փախուստ այն խոշոր կամ ահռելի պարտականություններից, որ վերցրել եմ ինձ վրա: Ես վարչապետի կոչ-հորդորին չեմ պատասխանելու իմ դիմումով: Եթե դուք ուզում եք սենսացիա, ես ասացի այդ սենսացիան: Մնացած բոլոր աշխատակիցներին ոչ մեկը ոչ մի բան չի ասել, ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետը իրավունք չունենք մարդուն ազատել աշխատանքից»,- նշեց Դավիթ Անանյանը:

Անանյանը նշեց, որ բավարարել է աշխատակցի դիմումը եւ նշեց, որ դա աշխատակցի ընտրությունն էր: «Մաքսատան պետի դիմումը գրվել է եւ ես բավարարելու եմ, նրա անունը Միրզոյան Հայկ է: Ինքն է ազատման դիմում ներկայացնելու ցանկություն հայտնել, ես հարգում եմ իր որոշումը: Օրինակ ես ազատման դիմում չեմ ներկայացնելու»,- ասաց ՊԵԿ նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին