Կարևոր իրադարձություններ

Ռուս-թուրքական առևտրաշրջանառությունը 5 տարում կարող է հասնել 100 մլրդ դոլարի

11 Ապրիլ, 2019 10:29
Ռուս-թուրքական առևտրաշրջանառությունը 5 տարում կարող է հասնել 100 մլրդ դոլարի

2015թ. նոյեմբերին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման պատճառով ծագած ռուս-թուրքական ճգնաժամից հետո երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը գրեթե զրոյական մակարդակի էր հասել։ Իսկ այսօր ռուս-թուրքական առևտրատնտեսական կապերն արագորեն զարգանում են մասնավորապես էներգետիկ ոլորտում խոշոր նախագծերի հաշվին։ Ներկայումս Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 25 մլրդ դոլար, ինչը վկայում է վերջին տարվա ընթացքում շուրջ 15 տոկոսանոց աճի մասին, հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումից հետո կողմերը ևս մեկ անգամ հաստատել են, որ մտադիր են մեծացնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալները` հասցնելով այն 100 մլրդ դոլարի։

Թուրք մշակութաբան և տնտեսագետ Քեմալ Ուչունջուի կարծիքով` այդ նպատակը միանգամայն իրատեսական է և այն կարող է իրականություն դառնալ հնգամյա հեռանկարում։ Ուչունջուն անդրադարձել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի այն  ոլորտներին, որոնց ուղղությամբ նպատակաուղղված աշխատանք տանելու դեպքում Թուրքիան և Ռուսաստանը կարող են հասնել իրենց առջև դրված նպատակին։

Մասնավորապես, թուրքագետը նշում է, որ տարեկան կտրվածքով Թուրքիան նավթի և բնական գազի համար վճարում է շուրջ 55 մլրդ դոլար, որից 75 տոկոսը, այսինքն շուրջ 40 միլիարդը կարող է ապահովել Ռուսաստանը։

Թուրքիան տարեկան ներմուծում է շուրջ 30 մլն տոննա ածուխ, որի արժեքը կազմում է մոտավորապես 3 մլրդ դոլար։ Ըստ թուրքագետի` Թուրքիան կարող է այդ ածուխի առնվազն կեսը, այսինքն` 1.5 մլրդ դոլարանոց մասը ներմուծել Ռուսաստանից։

Բացի այդ, Թուրքիան տարեկան շուրջ 4 մլրդ դոլարի գյուղատնտեսական ապրանքներ է ներմուծում, որից շուրջ 2 մլրդ դոլար կազմող մասը կարող է ներմուծել Ռուսաստանից։

Թուրքիան նաև տարեկան գրեթե 12 մլրդ դոլար արժողությամբ նավթաքիմիական արտադրանք է ներմուծում։ Ուչունջուի կարծիքով` այդտեղ էլ ներմուծման ծավալների 65 տոկոսը կամ շուրջ 8 մլրդ դոլար ընդհանուր արժեքով մասը կարող է ապահովել Ռուսաստանը։

Բացի այդ` Ռուսաստանը Թուրքիայում կառուցվող Աքքույու ատոմակայանի նախագծի համար մոտ 10 մլրդ դոլարի ներդրում պետք է կատարի (տարեկան 3 մլրդ), իսկ ռազմարդյունաբերության ոլորտի համատեղ նախագծերից ևս 3 մլրդ դոլար հավելյալ արդյունք կապահովի։

Մասնագետի խոսքով` ևս 10 մլրդ կարող է ապահովվել Ռուսաստանում գործող թուրք շինարարական ընկերությունների գործունեության, 15 մլրդ` Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան գոտում տարբեր ոլորտներում համատեղ ներդրումների, 10 մլրդ` Ռուաստանին էլեկտրոտեխնիկա, տրանսպորտային միջոցներ, դեղամիջոցներ մատակարարելու և ևս 12 մլրդ` զբոսաշրջության ոլորտի աշխուժացման շնորհիվ։

Ուչունջուի կարծիքով, եթե բոլոր այս ոլորտներում անհրաժեշտ ակտիվություն ու նախաձեռնություն դրսևորվի, ապա երկկողմ առևտրատնտեսական կապերի ծավալը 100 մլրդ դոլարի հասցնելը միանգամայն իրատեսական նպատակ է։

 

Լրահոս

Դիտել ավելին