Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան է ընտրվել Գևորգ Բարսեղյանը

10 Ապրիլ, 2019 21:31
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան է ընտրվել Գևորգ Բարսեղյանը

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր` ապրիլի 10–ին, կայացած գիտխորհրդի նիստում դեկան է ընտրվել դեկանի տեղակալ Գևորգ Բարսեղյանը։

Ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար ամբիոնների կողմից առաջադրվել էին երկու թեկնածուներ՝ ֆակուլտետի գործող դեկան Սամվել Աբրահամյանը և դեկանի տեղակալ Գևորգ Բարսեղյանը: 

Երկու թեկնածուների ելույթները թեժ քննարկման առիթ են դարձել:

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գիտխորհրդի անդամների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 24 կողմ ձայն է հավաքել Գևորգ Բարսեղյանը, 7 կողմ՝ Սամվել Աբրահամյանը: Ձայների առավելությամբ ֆակուլտետի դեկան է ընտրվեց Գևորգ Բարսեղյանը:

Նշենք, որ Գևորգ Բարսեղյանի անվան շուրջ նախորդ տարվա փետրվարին սկանդալ էր տեղի ունեցել։ Նա Երեւանի պետական համալսարանում ծեծի էր ենթարկվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին առաջարկություններ է արել, նրա հարազատներն էլ եկել, փոխդեկանին հորդորել են նման պահվածք չցուցաբերել, ինչն էլ հանգեցրել է ծեծկռտուքի: Փոխդեկանը հերքել էր այս տեղեկությունը։ Ոստիկանությունն այս առնչությամբ հայտնել էր, որ փետրվարի 16-ին, ժամը  20.30-ին հաղորդում է ստացվել  ԵՊՀ Ռոմանոգերմանական ֆակուլտետի փոխդեկան Գեւորգ Բարսեղյանի կողմից, որ նույն օրը  ժամը 16-ի սահմաններում ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի 5-րդ հարկի միջանցքում, իրեն անծանոթ երիտասարդներ  անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում քաշքշել են՝  պատճառելով  ֆիզիկական ցավ:

 

Լրահոս

Դիտել ավելին