Կարևոր իրադարձություններ

Արթուր Աբրահամի ամուսնալուծության վերաբերյալ դատարանը որոշում է կայացրել

10 Ապրիլ, 2019 20:23
Արթուր Աբրահամի ամուսնալուծության վերաբերյալ դատարանը որոշում է կայացրել

Բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է. նրա եւ արդեն նախկին կնոջ՝ Մերիի՝ 2015թ.-ին գրանցված ամուսնությունը լուծվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռով։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատական ակտի համաձայն՝ այն կայացվել է 2018թ. դեկտեմբերին։ Աբրահամի նախկին կինը դատարան մի քանի պահանջ է ներկայացրել, սակայն հայցը բավարարվել է մասնակի. դատարանը բավարարել է ամուսնալուծության պահանջը։

Ըստ դատական ակտի՝ Մերի Աբրահամյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ավետիք Աբրահամյանի (Աբրահամի անունն անձնագրով)` ամուսնալուծության, 2016թ. ծնված երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու, նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի եւ այդ միջոցների չափի մասին համաձայնությունը հաստատելու պահանջների մասին:

Մերիի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ ամուսնությունն օրինական կարգով գրանցվել է 2015թ.-ին. համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են մեկ երեխա։ Ընտանեկան անախորժությունների պատճառով կողմերը դադարեցրել են ամուսնական հարաբերությունները և համատեղ տնտեսություն չեն վարում: Ըստ հայցվորի ներկայացուցչի հայտնած տեղեկությունների՝ հերթական վիճաբանությունից հետո կինը երեխայի հետ հեռացել է, եւ փոքրիկը սկզբնապես բնակվել է նրա հետ, իսկ պատասխանողը պարբերաբար տեսակցել է նրան: «2018թ.-ին երեխայի հետ հերթական տեսակցությունից հետո պատասխանողը երեխային մորը չի վերադարձրել եւ առանց մոր համաձայնության երեխայի հետ մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն»,- ըստ դատական ակտի՝ նշել է Աբրահամի՝ արդեն նախկին կնոջ ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ 2017թ. ընթացքում նոտարական կարգով կնքվել են գրավոր համաձայնություններ, համաձայն որոնց՝ Ավետիք Աբրահամյանը համաձայնել է, որ իրենց անչափահաս երեխան բնակվի Մերի Աբրահամյանի հետ, որ անչափահաս երեխան առանց մոր գրավոր համաձայնության չի կարող հոր հետ մեկնել այլ երկիր, և որ պետք է իրենց անչափահաս երեխայի համար ալիմենտ վճարի:

Ըստ դատական ակտի՝ պատասխանողի՝ Արթուր Աբրահամի  ներկայացուցիչը հայտնել է, որ իր վստահորդը չի առարկում ամուսնալուծության պահանջի դեմ, իր վստահորդը երեխայի հետ գտնվում է Գերմանիայում: Նա նշել է, որ դատարան չի ներկայացվել երեխայի ծննդյան վկայականը, ուստի երեխայի նկատմամբ հայցվորի մայրությունը հաստատված չէ, չկա եզրակացություն եւ երեխայի կյանքի պայմանների հետազոտության ակտ, ուստի երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու եւ ալիմենտային համաձայնությունը հաստատելու վերաբերյալ հայցապահանջները ենթակա են մերժման:

Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել, սակայն այն վերադարձվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին