Կարևոր իրադարձություններ

Նաիրա Զոհրաբյանը ցանկություն չունի հրաժարվելու՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից

09 Ապրիլ, 2019 13:21
Նաիրա Զոհրաբյանը ցանկություն չունի հրաժարվելու՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը համակարծիք չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետի հետ, թե ԲՀԿ-ն պետք է մտածի՝ արդյոք Նաիրա Զոհրաբյանը համապատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու նվազագույն չափանիշներին։ Պետրոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ իրենց համոզմամբ՝ Նաիրա Զոհրաբյանը բարեխղճորեն է կատարել իր աշխատանքային պարտականությունները։

«Մեր համոզմամբ՝ Նաիրա Զոհրաբյանը բարեխղճորեն է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքին համապատասխան: Այս հարցով մենք որևէ հիմք չենք տեսնում  Նաիրա Զոհրաբյանի կարգավիճակը փոխելու»,- ասաց նա:

Գ.Պետրոսյանն այս հարցը փակելու հետ կապված մեկնաբանություն չի ցանկանում տալ՝ նկատելով, որ հարցը ԲՀԿ-ն չի բացել, ԲՀԿ-ն պատասխանել է՝ ներկայացնելով իր դիրքորոշումը։

«Մի բանը մի քանի անգամ կրկնելու անհրաժեշտություն չեն տեսնում: Մենք խմբակցությունոով գտնում ենք, որ Նաիրա Զոհրաբյանի կողմից ո՛չ պատգամավորի վարքագծի էթիկայի խախտում է կատարվել, ո՛չ ԱԺ կանոնակարգ օրենքի, ո՛չ էլ որևէ այլ նորմատրիվ իրավական ակտի դրույթի խախտում: Հետևաբար, հիմքեր չկան իր թեկնածությունը վերանայելու»,- շարունակեց Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորն անձամբ չի զրուցել Նաիրա Զոհրաբյանը հետ, բայց կարծում է, որ Զոհրաբյանը ցանկություն չունի Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու, կարծում է, որ նման որոշման համար հիմք չկա։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ԱԺ-ում տրանսգենդերի ելութին ու դրանից հետո իր թիմի ու ԲՀԿ պատգամավորների բանավեճին, ասել է. «Ես կարծում եմ, որ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը պետք է մտածի, ընդհանրապես, արդյոք իրենց ներկայացրած հանձնաժողովի նախագահը Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է։ Ինքը համապատասխանու՞մ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու նվազագույն չափանիշներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին