Կարևոր իրադարձություններ

«Ժառանգություն»-ը կոչ է անում իշխանությանը հրաժարվել «սև ու սպիտակի» հակադրությունից

08 Ապրիլ, 2019 22:45
«Ժառանգություն»-ը կոչ է անում իշխանությանը հրաժարվել «սև ու սպիտակի» հակադրությունից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած իշխող «Իմ քայլը» դաշինքի վերջին ամիսների գործունեությունն ի ցույց են դնում Հայաստանի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների քայլերի հակասականությունն ու անհետևողականությունը, որի հետևանքով ներքին և արտաքին քաղաքականության մեջ նկատվում է տեղապտույտ: Այդ մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության այսօրվա հայտարարությունում:

«Մտահոգված լինելով Հայաստանում կյանքի կոչված ժողովրդավարական հեղափոխության նպատակների իրականացման ընթացքով» «Ժառանգություն»-ը հայտարարում է՝ «պետական կառավարման տարբեր մակարդակներում ընդունվում են որոշումներ, կատարվում են կադրային հեռացումներ ու նշանակումներ, որոնք արդեն կայուն պարբերականությամբ պատճառ են դառնում հանրային բողոքների ու բախումների, որոնց ազդեցությամբ այդ որոշումների ի կատար ածումը կա՛մ հետաձգվում է, կա՛մ դառնում անհնարին», «առ այս պահը պարզ չէ, թե ինչ կառուցվածք պետք է ունենա ՀՀ կառավարությունը, սակայն լուծարման ենթակա ոլորտներում՝ գյուղատնտեսություն, մշակույթ, սփյուռքի հետ հարաբերություններ, առկա են լրջագույն խնդիրներ», «հռչակած տնտեսական հեղափոխությունն անընդմեջ բախվում է ներքին և արտաքին լրջագույն դիմադրության, խոշոր բիզնեսի ներկայացուցիչների և ներդրողների հետ վարվող քաղաքականությունը իրականացվում է հին վարչակարգի պատժիչ գործիքներով», մասնավորապես՝ «տարիների ընթացքում նախորդ հանցավոր վարչակազմի պարտադրանքով կուտակված հարկային և այլ պարտավորությունների մարման տնտեսապես ձեռնտու կանոնների և ժամանակացույցի մշակման փոխարեն գործում են պատժիչ ցուցադրական միջոցառումներ, որոնց արդյունավետությունն ակնհայտ կասկածահարույց է և առաջացնում է հասարակական անհամերաշխության տարբեր աստիճանի դրսևորումներ»:

Կուսակցությունն ընդգծում է, որ «ուշանում են հեղափոխության արդյունքում հայտարարված կարգախոսների կյանքի կոչման մեխանիզմները՝ ազատ, մենաշնորհներից զերծ, անկախ Հայաստան, որտեղ երաշխավորվում են երջանիկ անհատի, հոգատար հանրության և հզոր պետության կայացման նպատակները»: Դրա պատճառը, ըստ «Ժառանգության», «թաքնված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող կադրային քաղաքականության սկզբունքներում, որոնք երբեմն նմանվում են հին համակարգի արատավոր գործելաոճին»․ - «Պետական և անգամ հանրային գործունեության բոլոր հարթակներում առավելությունը տրվում է իշխող կուսակցության ներկայացուցիչներին, անձնական թիմին ու բարեկամներին՝ անկախ նրանց արհեստավարժության և փորձառության աստիճանից: Իսկ զարգացումները ցույց են տալիս, որ այդ նշանակումների արդյունքում իշխանություն ստացած, բայց դրան անպատրաստ անձինք բավական արագորեն հայտնվում են կոռուպցիոն պատմությունների և ԱԱԾ թիրախում»:

Դատական համակարգում ևս, ըստ կուսակցության, «գործունեության ու վստահության ճգնաժամ է, ամիսներ են անցել, հասարական ուշադրության առանցքում գտնվող և ոչ մի գործ իր տրամաբանական ավարտին չի հասել, հեղափոխությունից մեկ տարի է անցել, բայց անցումային արդարադատության մասին խոսակցությունները գործ չեն դառնում, ինչպես նաև անհրաժեշտ լյուստրացիայի պահանջները»: «Փոխարենը տեղեկատվական «պատերազմներ» են բռնկվում, դաշտ է բացվում «ֆեյքերի բանակների» առջև, որոնք կեղծ օրակարգեր են ձևավորում», - ասված է հայտարարությունում:

«Արձանագրելով, որ նոր հայաստանյան իրողություններում ամենամեծ հակահեղափոխականը վարչապետի գլխավորած քաղաքական թիմի՝ երկրին հարվածող արտաքին ու ներքին օրակարգային խնդիրներին դիմագրավելուն անպատրաստ լինելն է՝ կոչ ենք անում Հայաստանի հեղափոխական իշխանությանը հրաժարվելու «սև ու սպիտակի» հակադրությունից, պետական համակարգը սեփական քաղաքական թիմի կայացմանը ծառայեցնելու անհեռանկար մոտեցումներից, անցյալից եկող խնդիրների թնջուկում առաջնահերթությունների կամայական ձևավորումից, իսկ պետության ղեկավարին՝ «ասֆալտին փռելու», «ծնոտը ջարդելու», սեփական ցուցումներով քրեական հետապնդումներ նախաձեռնելու կամ դադարեցնելու արատավոր գործելակերպից և հրապարկային քաղաքական կոչերից», - ասված է հայտարարությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին