Կարևոր իրադարձություններ

«Սպայկա»-ի աշխատակիցները պահանջում են տնօրենի ազատ արձակումը

08 Ապրիլ, 2019 14:00
«Սպայկա»-ի աշխատակիցները պահանջում են տնօրենի ազատ արձակումը

Առավոտից «Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում Տիգրան Մեծի պողոտայում՝ Կենտրոն և Նորք- Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի առջև՝ պահանջելով ազատ արձակել ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը ընկերության տնօրենին կալանավորելու որոշում է կայացրել: Բողոքի դուրս եկած աշխատակիցները դատարանի որոշումը որակեցին «խայտառակ ու անարդարացի»:

Հիշեցնենք, որ ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 միլիարդ դրամ մաքսատուրք և հարկ: ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Ինչպես ցույցի վայրից հայտնում է Shabat.am-ի թղթակիցը՝ նրանք պահանջում են ընկերության տնօրենի ազատ արձակումը: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ չեն լքելու տարածքը, մինչև Դավիթ Ղազարյանը ազատ չարձակվի: Ըստ աշխատակիցների՝ սա ուղղորդված դատավարություն է եղել:

 Shabat.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք հավաքվել են կառավարության շենքի առաջ և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում և Դավիթ Ղազարյանի ազատ արձակումը:

Հիշեցնենք նաև, որ մամուլը բազմիցս է գրել, որ մինչև բոլորովին վերջերս «Սպայկա» ընկերության մեջ  մեծ բաժնեմաս  է  ունեցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին