Կարևոր իրադարձություններ

Նոր Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները ևս ցույց տվեցին կանանց դերի կարևորությունը

07 Ապրիլ, 2019 22:14
Նոր Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները ևս ցույց տվեցին կանանց դերի կարևորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջիմ, ուղերձում մասնավորապես ասված է․ - «Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ 

Մեր ժողովուրդը մայրերի նկատմամբ տածում է առանձնահատուկ սեր և հարգանք, քանի որ նրանք իրապես հանդիսանում են հայ ընտանիքի հիմնասյունը։ Մեր ազգի պատմության ընթացքում մշտապես մեծ է եղել ձեր դերակատարումը մեր հաղթանակների ու ձեռքբերումների գործում: 

Նոր Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները ևս ցույց տվեցին կանանց դերի կարևորությունը։ Եվ, իսկապես, կանանց քաղաքական ակտիվությունը դարձավ այն շրջադարձային կետը, որը թույլ տվեց, որ Հայաստանում հիմնարար փոփոխություններ տեղի ունենան: Նոր Հայաստանում կանայք պետք է հանրային, քաղաքական, տնտեսական առումով է՛լ ավելի ակտիվ լինեն և կառավարությունն այդ առումով անելու է իրենից կախված ամեն ինչ։ 

Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել այն մայրերին, որոնց զավակներն այսօր պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները։ Գլուխ եմ խոնարհում այն մայրերի առաջ, որոնց հերոս տղաներն իրենց կյանքն են նվիրաբերել հանուն հայրենիքի անվտանգության ապահովման։ 

Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր,

Կրկին շնորհավորելով Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, երջանկություն և խաղաղություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին