Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ էր հեղափոխությունը ոչ պակաս կարեւոր, քան Արցախյան պատերազմը․ Սասուն Միքայելյանը պարզաբանում է

07 Ապրիլ, 2019 14:15
Ինչու՞ էր հեղափոխությունը ոչ պակաս կարեւոր, քան Արցախյան պատերազմը․ Սասուն Միքայելյանը պարզաբանում է

Հեղափոխությունը նախ եւ առաջ քաղաքացուն վերադարձրեց երկրի տերը լինելու զգացումը եւ կասեցրեց հայրենիքի հայաթափման, ազատագրված տարածքների հեկտար-հեկտար կորստի եւ որպես այդ ամենի անխուսափելի հետեւանք դեպի անկախ պետականության կորուստ տանող կործանարար ընթացքը։ Ահա թե ինչու ես պակաս կարեւոր չեմ համարում հայ ժողովրդի այս հաղթանակը, որովհետեւ համոզված եմ, որ հակառակ պարագայում նոր կորուստներն անխուսափելի էին լինելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ԵԿՄ 12-րդ համագումարին հայտարարեց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանը՝ պարզաբանելով իր նախկին տեսակետը, թե հեղափոխությունը ավելի կարեւոր է Արցախյան պատերազմից:

Հոկտեմբերի 27-ը Միքայելյանը համարեց մի յուրահատուկ փորձություն, որին սակայն ԵԿՄ-ն չդիմացավ․ «Ոճրագործությանը հաջորդած 19 տարիների ընթացքում իշխանություններին հաջողվել է քայլ առ քայլ պառակտել մեզ, ստեղծել բազմաթիվ միավորումներ, դրանք հանել միմյանց վրա, ներքաշել իրենց կեղտոտ քաղաքական խարդավանքների մեջ։ Հարկ եմ համարում նշել  նաեւ, որ նախորդ հանցավոր ռեժիմի իշխանության տարիներին մեր երկրում արմատավորվել էին համատարած կոռուպցիան, հովանավորչությունը, շահամոլությունը, բոլոր մակարդակների ընտրությունների արդյունքների կեղծումը, մարդկային փոխահարաբերություններում գերիշխում էին քծնանքն ու շողոքորթությունը, որը հանգեցրեց մարիտիմեկյան ողգերգությանը, եւ որպես այդ ամենի հետեւանք ժողովուրդը մատնվել էր հուսահատության եւ բռնել արտագաղթի ճանապարհը»։

Նրա կարծիքով երկրապահընոր իրավիճակում պետք է ստանձնի նախկին դերն ու պատասխանատվությունը․ «Երկրապահը կարող է եւ պարտավոր է վերադառնալ իր ակունքներին եւ վերականգնել իր տեղն ու դերը մեր բանակի հզորացման , մեր պետականության ամրապնդման, Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման եւ մեր համազգային նպատակների իրականացման գործում։ Դա է այսօրվա մեր հրամայականը»,- հայտարարեց նա։

«Տղերք, սկսենք այնտեղից, որտեղ կանգ առավ Վազգենի սիրտը»,- իր խոսքը եզրափակեց նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին