Կարևոր իրադարձություններ

Տրանսգենդերին ԱԺ էր հրավիրել Մարիա Կարապետյա՞նը. «Ժողովուրդ»

06 Ապրիլ, 2019 10:47
Տրանսգենդերին ԱԺ էր հրավիրել Մարիա Կարապետյա՞նը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Երեկ Ազգային ժողովի նիստերի դահլիճում արտառոց դեպք տեղի ունեցավ։ Առաջին անգամ պատմության մեջ տրանսգենդեր մոտեցավ ամբիոնին և ելույթ ունեցավ, որից հետո անգամ ծափողջյուններ հնչեցին, սակայն լսումները վարող ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դուրս հրավիրեց դահլիճից Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով հանդես եկող անձին։

Նշենք, որ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու որոշում կայացվել էր դեռ մարտի 11-ին, այսինքն` այսքան օր կար այդ ամենը կազմակերպելու համար։ Մենք տեղեկացանք, որ գրանցումը կատարվել է օնլայն սկզբունքով, իսկ Լիլիթ Մարտիրոսյանն էլ ներկայացնում էր «Իրավունքի ուժ» ՀԿ-ն։ Նա երեկվա լսումներին ներկաների մեջ այլընտրանքային սեռական կողմնորոշում ունեցող միակ անձը չէր։ Նրանք մի քանիսն էին և լսումների ընթացքում նույնիսկ սոցիալական ցանցերում ակտիվ տարածում էին այդ լուսանկարները։

Արդեն միջադեպից հետո լրատվական կայքերում տեղեկություն տարածվեց, թե նրան հրավիրողը եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ինչն, ըստ էության, վերջինիս կողմից հերքվեց, իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ այս ամենը կազմակերպված էր համարում։ Մեր տեղեկություններով` տրանսգենդերն ունի հենց Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով անձնագիր և հենց դրանով էլ մուտք է գործել խորհրդարան։ Հավելենք, որ երեկվա միջադեպը լայն քննարկման առիթ է եղել հենց «Իմ քայլը» խմբակցությունում, որտեղ ևս Մարիան հայտարարել է, թե ոչ մի կապ չունի այդ անձնավորության հետ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին