Կարևոր իրադարձություններ

«Կոտայք» ՋՕԸ-ում մի շարք չարաշահումներ են բացահայտվել

05 Ապրիլ, 2019 16:59
«Կոտայք» ՋՕԸ-ում մի շարք չարաշահումներ են բացահայտվել

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունում բացահայտվել են մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, 2017-2018 թվականներին ընկերության տնօրինությունն, օգտվելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված՝ ապօրինի ջրամատակարարման ու ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում ստեղծված հնարավարություններից, խախտել է բաժանորդների հետ կնքված ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները:

Ընկերության տնօրինությունը, քննությանը այս պահին հայտնի տվյալներով, առանց ջրաչափերի տեղադրման՝ մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն գրանցել է հեկտարներով եւ դրանով իսկ բաժանորդներին փաստացի զրկել մատակարարված ջրի ծավալները վերահսկելու հնարավորությունից: Ջրամատակարարման ընթացքում առաջացած 5-ից 30 տոկոս բնական կորուստների ծավալները հավելագրել է ջրօգտագործողների հասույթի գումարների հաշվին եւ այդ տվյալները ներառել էլեկտրոնային մատյաններում՝ փաստացի ուռճացնելով մատուցված ծառայությունների ծավալները:

Դրա արդյունքում բաժանորդների կողմից ընկերության հանդեպ ունեցած դեբիտորական պարտքի հաշվեկշիռը ծանրաբեռնել է ընդհանուր՝ 263.580.000 դրամով, ինչի արդյունքում ջրօգտագործողների եւ կազմակերպության համար առաջացրել է ծանր հետեւանքներ:

Բացի այդ, կազմակերպության տնօրինությունն, ըստ նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2017-2018 թվականներին ընկերության տրանսպորտային միջոցների լիցքավորման թերթիկներում մուտքագրելով շահագործման նպատակով բաշխված ավտոգազի, բենզինի եւ դիզելային վառելիքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ տվյալներ, յուրացման կամ վատնման եղանակով հափշտակել է, նյութերի նախապատրաստման տվյալ փուլում պարզված, առանձնապես խոշոր չափերի շուրջ 4.000.000 դրամ:

Անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած պաշտոնական անփութության, ծանր հետեւանքներ առաջացնելով զուգորդված կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթղթեր պատրաստելու առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության:

 

 

Լրահոս

Դիտել ավելին