Կարևոր իրադարձություններ

Լուսանկարիչը 1 տարի անց քայլում է Փաշինյանի անցած ճանապարհով

05 Ապրիլ, 2019 15:01
Լուսանկարիչը 1 տարի անց քայլում է Փաշինյանի անցած ճանապարհով

Լուսանկարիչ Նարեկ Արշակյանը 1 տարի անց քայլարշավ է սկսել Գյումրիից՝ մարտի 31-ին ժամը 12:00-ին, ճիշտ նույն օրն ու նույն ժամին, ինչ Նիկոլ Փաշինյանն էր սկսել մեկ տարի առաջ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քայլարշավի առաջին կանգառը եղել է Ջաջուռ գյուղում, հետո լուսանկարիչը շարժվել է դեպի Վանաձոր և այժմ հասել է Ֆիալետովո գյուղ:

Երևան վերադառնալուց հետո նա պատրաստվում է լուսանկարչական ցուցահանդես բացել: «Ցուցահանդեսը որոշել եմ իրականացնել զգալու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրումները, այդ ժամանակվա ցուրտը, գիշերը, գուցե նաև սովը, հոգնածությունը, մարդկանց ուշադրությունը և հասկանալու համար, թե ինչպես է սկսվել մեր հեղափոխությունը»,- նշեց Նարեկ Արշակյանը:   

Այն բոլոր քաղաքներում ու գյուղերում, որտեղ կանգնել է վարչապետը, նա կանգնում է ու լուսանկարում նրանց մնալու վայրը և այն հատվածները, որոնք հիշեցնում են մեկ տարի առաջ տեղի ունեցածը, օրինակ՝ խարույկի համար հավաքած քարեր:

Ամենակարևոր առանձնահատկությունը լինելու են ծառերը, որ ամեն օր ինչ-որ խորագրով տարբեր քաղաքներում ու գյուղերում տնկել են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը: Լուսանկարչի խոսքով քայլարշավի ու ցուցահանդեսի միտքը հղացել է մոտ երկու ամիս առաջ, քանի որ նա ցանկացել է հասկանալ, թե այդ ժամանակ ինչ են զգացել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը:

«Ծառերը նկարելն էլ գուցե հետագայում դառնա ավանդույթ ու ամեն տարի նկարեմ դրանց աճը»,- նշեց Նարեկը: Ցուցահանդեսի տարածքը դեռևս հստակեցված չէ, սակայն բուն գործընթացը հստակ է ու նպատակ ունի ցույց տալու հեղափոխության առաջին օրերի ողջ խորհուրդը:

«Դիլիջանում տնկվել էր մի ծառ, որ կրում է «Արդարություն» անվանումը՝ ի նշան նախորդ օրը բերման ենթարկված անձանց ազատության»,- ասաց Նարեկ Արշակյանը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին