Կարևոր իրադարձություններ

Թուրքիան արդեն ձեռք է բերել ռուսական С-400-ը

05 Ապրիլ, 2019 11:03
Թուրքիան արդեն ձեռք է բերել ռուսական С-400-ը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման գործարքին, նշել է, որ նախկինում Անկարան բազմիցս հայտնել է ԱՄՆ-ին և մյուս գործընկերներին տվյալ գործարքը չեղարկելու անհնարինության մասին, գրում է tass.ru-ն:

«Մենք դեռևս մի քանի ամիս առաջ ենք ասել Միացյալ Նահանգներին և մեր մյուս գործընկերներին, որ С-400-ի հարցով Ռուսաստանի հետ գործարքը չի կարող չեղարկվել: Մենք արդեն ձեռք ենք բերել հակաօդային պաշտպանության համակարգերը, գործարքն ավարտված է»,-ընդգծել է թուրք պաշտոնյան:

Միևնույն ժամանակ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Անկարան «ստիպված» էր ռուսական զենք գնել, քանի որ չի կարողացել համարժեք համակարգեր գնել իր դաշնակիցներից:

Ըստ Չավուշօղլուի՝ մյուս դաշնակից երկրները Թուրքիային չպետք է թելադրեն, թե որ երկրից ինչ համակարգեր գնի:

Արտգործնախարարն իր խոսքում նաև նշել է, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի հետ հարաբերություններին այլընտրանք չեն:

Հայտնի է, որ Թուրքիայի կողմից С-400-ի գնումը զգալի լարվածություն է առաջացրել Վաշինգտոնի հետ հարաբերություններում: Օրերս ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան այլևս չի մասնակցում ամերիկյան F-35 կործանիչների ստեղծման և դրանց գնման ծրագրին, ինչը կապված է ռուսական համակարգերի գնման հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին