Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Վարչապետն ընդունել է համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալին

04 Ապրիլ, 2019 20:50
Վարչապետն ընդունել է համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Շեն Յուեյուեին կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, և ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահի տեղակալի այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Բարձր գնահատելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ վարչապետն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է քաղաքական, տնտեսական, հումանիտար, տեխնոլոգիական և այլ  ուղղություններով փոխշահավետ կապերի զարգացմամբ և ներդրումների ներգրավմամբ:

Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ Շեն Յուեյուեն նշել է, որ Չինաստանի համար Հայաստանը բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր: Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և Չինաստանը շահագրգռված է դրանց հետագա զարգացմամբ, ներառյալ նաև՝ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմամբ:

Նիկոլ Փաշինյանը ևս կարևորել է միջխորհրդարանական կապերի աշխուժացումը՝ նշելով, որ պատգամավորական աշխատանքի տարիներին, որպես ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ, ակտիվ մասնակցել է հայ-չինական բարեկամության ամրապնդման գործին և որպես վարչապետ՝ շարունակելու է ջանքերն այդ ուղղությամբ: Շեն Յուեյուեն նշել է, որ Չինաստանը բարձր է գնահատում խորհրդարանական գործունեության ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներդրումը երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ, և այժմ պատրաստ է խորացնելու սերտ փոխգործակցությունը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար՝ կարևորելով միջազգային հանրության աջակցությունը խաղաղ կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ «Մեկ Չինաստան» սկզբունքին: Մշտական կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ Չինաստանը շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին՝ կարևորելով հակամարտության լուծումը քաղաքական երկխոսության ճանապարհով և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության օրակարգին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է ճանապարհաշինության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, օրգանական գյուղատնտեսության ոլորտներում գործակցության զարգացմամբ: Գոհունակություն հայտնելով զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման տեմպերից՝ կողմերն ընդգծել են ուղիղ օդային հաղորդակցության հաստատման ուղղությամբ գործուն քայլերի կարևորությունը: Կոնկրետ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի նիստի կազմակերպումը: Չինաստանի ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահի տեղակալն ասել է՝ ՀՀ վարչապետի նշած ուղղությունները հետաքրքրական են նաև Չինաստանի համար, համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա, և այդ առաջարկներն ինքը կփոխանցի Չինաստանի համապատասխան գերատեսչություններին:

Կողմերն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը՝ որպես այժմ ԵԱՏՄ-ում նախագահող երկիր, կշարունակի աջակցել Չինաստան-ԵԱՏՄ կապերի հետագա զարգացմանը: ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի դերը ԵԱՏՄ-Չինաստան համագործակցության գործում և հեռանկարային համարել ներմուծման և արտահանման ոլորտներում գործարար կապերի զարգացմանն ուղղված ծրագրերը: Երկկողմ տնտեսական գործակցության ակտիվացման համատեքստում քննարկվել են հայաստանյան և չինաստանյան գործարարների միջև շփումների աշխուժացման հնարավորությունները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ այս տարի հոկտեմբերին Երևանում տեղի է ունենալու ՏՏ Համաշխարհային կոնգրեսը և հույս հայտնել, որ չինաստանյան ընկերությունները ևս կմասնակցեն Հայաստանում կայանալիք համաշխարհային տեխնոլոգիական համաժողովին:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ՉԺՀ կողմից նախաձեռնված միջազգային և տարածաշրջանային ծրագրերի, մասնավորապես «Մետաքսի մեծ ճանապարհ» և «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախաձեռնությունների շուրջ: Ողջունելով այդ ծրագրերը և կարևորելով դրանց տնտեսական նշանակությունը ՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ներգրավվել դրանց իրագործման գործընթացում:

Վարչապետը երախտագիտություն է հայտնել Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրված անհատույց օժանդակության համար, երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակի մասին վկայություն համարել Երևանում 2018թ. «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի բացումը, որն արդեն բավական հայտնի է և շուրջ 400 աշակերտ ունի:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին