Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    533
    541

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության միֆերը․ ՀՅԴ

04 Ապրիլ, 2019 11:13
ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության միֆերը․ ՀՅԴ

ՀՀ տնտեսության մեջ թռիչքաձեւ զարգացում եւ էական կառուցվածքային փոփոխություններ չեն արձանագրվել, տեսանելի չեն տնտեսական քաղաքականության նոր մոտեցումներ, մոդելներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների պատասխանատու Սուրեն Պարսյանը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշներն առավել շահեկան են վերլուծել` համեմատելով նախորդ տարվա արդյունքների հետ, ինչը հնարավորություն է տալիս գնահատել երկրի տնտեսության կառավարման արդյունավետությունը եւ միտումները: Եվ այսպես՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին գրանցվել է 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ, այն դեպքում, երբ 2018 թվականի նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը աճել էր 8.6 տոկոսով, այսինքն՝ 2.1 տոկոսով նվազել է տնտեսական աճի տեմպը: Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս  տարի տնտեսական ակտիվությունը հիմնականում ապահովել են արդյունաբերության, շինարարության, ծառայությունների եւ առեւտրի ոլորտները: Մասնավորապես՝

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերությունը աճել է 1.9 տոկոս, իսկ 2018-ին աճը կազմում էր 8.3 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 6.4 տոկոսով: Նվազումը պայմանավորված է հանքարդյունաբերության ծավալների կրճատմամբ: Բանն այն է, որ 2018 թվականին Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը դադարեցրեց իր գործունեությունը:

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին շինարարությունը աճել է 21.6 տոկոսով, իսկ 2018-ին աճը կազմում էր 22.7 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 0.9 տոկոսով: Շինարարության ոլորտի աճի վրա դեռեւս մեծ ազդեցություն ունեն պետական վարկային միջոցներով իրականացվող շինարարական ծրագրերը: Ի դեպ՝ հյուսիս-հարավ ծրագրի Աշտարակ-Գյումրի ճանապարհատվածի (Տրանշներ 1.-ը եւ 2.-ը) շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն 2019 թվականի սեպտեմբերին, սակայն շինարարության ներկայիս տեմպը վկայում է, որ հերթական անգամ երկարաձգվելու է շինարարական աշխատանքների ժամանակացույցը՝ լրացուցիչ ֆինանսական բեռ առաջացնելով պետական բյուջեի վրա: Վստահաբար կարելի է նշել, որ հատկացված վարկային միջոցները բավարար չեն լինի ծրագիրը ավարտին հասցնելու համար:

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին առեւտուրը աճել է 13.1 տոկոսով, իսկ 2018-ին աճը կազմում էր 17.4 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 4.3 տոկոսով: Հատկանշական է, որ պաշտոնատար անձինք պարբերաբար խոսում են, հրապարակում են միլիոնավոր ՀԴՄ կտրոնների տպագրության  աճի մասին, մինչդեռ նախորդ տարի ավելի քիչ ՀԴՄ կտրոններ տպագրելով՝  առեւտրի ոլորտն ավելի արագ է աճել: Հետեւաբար, Հայաստանի տնտեսական քաղաքականության արդյունավետության գնահատման հիմքում առավել ընդգրկուն ցուցանիշներ պետք է դնել։

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին ծառայության ոլորտը աճել է 17.5 տոկոսով, իսկ 2018-ին աճը կազմում էր 15.1 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը ավելացել է 2,4 տոկոսով: Ծառայության ոլորտի աճը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատմամբ եւ բանկային համակարգի ցուցանիշերի զգալի բարելավմամբ:

Տնտեսության վիճակը, ստվերայնության աստիճանը գնահատելու համար հաճախ օգտագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության եւ իրացման ծավալների ցուցիչը: Դեռեւս լրացուցիչ պարզաբանման կարիք ունի հունվար-փետրվար ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրության 21 տոկոսով անկումը: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ անկումը գլխավորապես բացատրվում է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների կրճատմամբ:

Միանշանակ է, որ տնտեսական աճի դանդաղումը իր ազդեցությունն է թողել արտահանման եւ ներմուծման ցուցանիշների վրա, մասնավորապես՝

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին արտահանումը նվազել է 11.6 տոկոս, իսկ 2018-ին աճը կազմում էր 41 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 52.6 տոկոսով: Արտահանման ծավալների անկումը հիմնականում բացատրվում է Թեղուտից արդյունահանվող եւ արտահանվող պնղձի, մոլիբդենի դադարով: Արտահանվող այլ ապրանքների ծավալների կրճատում նույնպես կլինի։

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին ներմուծումը նվազել է 5.6 տոկոս, իսկ 2018-ին աճը կազմում էր 44.4 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 50 տոկոսով: Ներմուծման ծավալների կրճատման վրա էական ազդեցություն ունի խոշոր ներդրումային ծրագրերի դադարը, օրինակ՝ Ամուլսարը:

Մտահոգիչ է, որ 2019 թվականի ընթացքում արտահանումը, ի տարբերության ներմուծման, ավելի մեծ տեմպերով է կրճատվել, որը լրացուցիչ արժութային ճնշում կառաջացնի ներքին շուկայում, ինչը կարող է նպաստել ՀՀ դրամի արժեզրկմանը՝ կրճատվող դոլարային պահուստների պայմաններում:

Վերջին ամիսների ընթացքում մի շարք պաշտոնատար անձիք խոսում են բարձր աշխատավարձային քաղաքականության մասին, այն պարագայում, երբ 2019 թվականին միջին անվանական աշխատավարձը աճել է 4.9 տոկոսով, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմում էր 8.9 տոկոս, այսինքն՝ աշխատողների աշխատավարձերի աճի տեմպը նվազել է 4 տոկոսով:

Ամփոփելով վերը նշվածը՝ հարկ է արձանագրել, որ ՀՀ տնտեսության մեջ թռիչքաձեւ զարգացում եւ էական կառուցվածքային փոփոխություններ չեն արձանագրվել, տեսանելի չեն տնտեսական քաղաքականության նոր մոտեցումներ, մոդելներ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին