Կարևոր իրադարձություններ

Արման Սահակյանի հովանավորյալ դպրոցի տնօրենը հրաժարականի դիմում է գրել

03 Ապրիլ, 2019 14:20
Արման Սահակյանի հովանավորյալ դպրոցի տնօրենը հրաժարականի դիմում է գրել

Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել այն բանից հետո, երբ նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցված կաշառք վերցնելու հատկանիշներով: Այս մասին հայտնում է  galatv.am-ը:

Ըստ տեղեկությունների, այնուամենայնիվ, դպրոցի տնօրենի հեռանալու որոշումը կոլեկտիվն ու աշակերտները ցավով են ընդունել և որոշել են բողոքի ցույց կազմակերպել:

2018 թվականի նոյեմբերին Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ էր հարուցվել Գյումրու թիվ 37 դպրոցում առերևույթ կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության փաստերի առթիվ:

Ըստ գործի նյութերի՝ որպես կաշառք գումարը դպրոցի տնօրենին է փոխանցվել դպրոցի գործավարուհու միջոցով։ 

Աստղիկ Ավետիսյանը Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենի պաշտոնում վերընտրվել էր 2018 թվականի հոկտեմբերի 5-ին: Դպրոցի տնօրենի ընտրություններից հետո դարձյալ դժգոհություններ կային, որ Ավետիսյանը տնօրեն ընտրվել էր խախտումներով: Այս մասին հանձնաժողովի անդամները մի քանի անգամ բարձրաձայնել էին, դիմում էին ներկայացրել նաև ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանին:

Հիշեցնենք նաև, որ Աստղիկ Ավետիսյանը մեկն էր ընտրություններին ՀՀԿ օգտին աշխատած տնօրեններից, որին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչը ձայնագրել և ուղարկել էր դատախազություն:

«Ձայնագրվողը», այսինքն՝ Գյումրու 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը, բացահայտ խոստովանում էր, որ աշխատել են ՀՀԿ-ի օգտին՝ «արդեն մեկ ամիս, ամենավերջին ձևով վախեցնելով» մարդկանց:

Այդ իսկ պատճառով ի սկզբանե այս ձայնագրությունն ուղարկվեց ուսումնասիրման՝ պարզելու համար, թե խոսողի հայտարարություններում հանցանք կա՞ր, թե՞ ոչ: Ուսումնասիրությունից հետո դատախազությունը գտել էր, որ «Աշխատում են մեկ ամիս, ամենավերջին ձևով վախեցնելով» արտահայտության տակ հանցանք չկա թաքնված, և Աստղիկ Ավետիսյանը գործել է իր իրավունքների շրջանակներում, և քրեական գործի հարուցումը մերժվեց:

Հիշեցնենք նաև, որ Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը ձայնագրությունում հայտարարում էր նաև, որ աշխատել է ամուսնու հետ, ամուսնու գլխավորությամբ: Վերջինիս ամուսինը՝ Արտակ Ավետիսյանը, թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն էր, որն ընդգրկում է Շիրակի մարզի ընտրատեղամասերի մեծ մասը՝ շուրջ 52 ընտրատեղամաս: Նա համարվում էր նաև ՀՀԿ նախկին պատգամավոր Արման Սահակյանի գրասենյակի անդամ և տարիներ շարունակ աշխատել էր ՀՀԿ պատգամավորի օգտին:

 

Լրահոս

Դիտել ավելին