Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի խոսքն ու Ռոբերտ Քոչարյանի միավորները

03 Ապրիլ, 2019 13:54
Սերժ Սարգսյանի խոսքն ու Ռոբերտ Քոչարյանի միավորները

Սերժ Սարգսյանը վերջին շրջանում բավականին հաճախ է սկսել «երևալ» հանրությանը, օգտագործելով դրա համար տարբեր առիթներ: 1in.am-ը գրում է՝  դա զուտ առիթների հաճախակիությամբ պայմանավորված դրսևորո՞ւմ է, թե՞ հատուկ մարտավարություն, որ պայմանավորված է իրավիճակով ու ժամանակով: Համենայնդեպս, ավելի շուտ երկրորդ տարբերակի օգտին է խոսում այն, որ Սարգսյանը նաև հայտարարել է «ժամանակը գալու դեպքում խոսելու» մասին: Այսինքն՝ նա առնվազն որոշակի քայլ է արել իր խոսքի հանդեպ հանրային սպասում ձևավորելու ուղղությամբ, ինչն էլ հիմք է եզրակացնելու, որ մեծ հավանականությամբ նա ինչ-որ բանի է նախապատրաստում հանրությանը: Իհարկե, այստեղ այդ հանգամանքն էլ հնարավոր է գործածել վերապահումով: Խոսքը հանրության մասին է: Այսինքն՝ վերապահումով է հնարավոր ասել, թե հանրությանն է նախապատրաստում ինչ-որ քայլի: Ավելի մեծ է հավանականությանը, որ նա ինչ-որ բանի է նախապատրաստում նախկին իշխող համակարգին:

Այդ առումով էլ գործ ունենք ոչ միատարր օրգանիզմի կամ կառույցի հետ: Այդպիսին համակարգը չի եղել երբեք, անգամ իշխանության եղած շրջանում և այդպիսին չէ առավել ևս հիմա: Այդ համակարգում կա Սերժ Սարգսյանի մերձավոր շրջանակ, կա շրջանակ, որը, այսպես ասած, նրա վրա է դրել հույսը, թեև առանց մեծ հավատի ու վստահության, կա շրջանակ, որը հիասթափված է և կասկածով լի է նրա հանդեպ՝ 23-ից հետո, և կա շրջանակ, որը երբեք էլ չի վստահել Սերժ Սարգսյանին ու չի վստահում առավել ևս հիմա: Այդ սեգմենտների առնվազն կեսը հնարավոր է դիտարկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջանակում կամ տիրույթում, քանի որ Քոչարյանը միշտ էլ շատ ավելի վստահելիություն է ունեցել նախկին համակարգում, քան Սերժ Սարգսյանը: Սարգսյանն այդպիսով սպասումներ, կամա, թե ակամա, ձևավորում է ոչ միայն իրեն հավատացողների և սպասողների, որքան հակառակ շրջանակներում: Ստացվում է բավականին հետաքրքիր պատկեր՝ նա պատրաստվում է խոսել, կամ ազդարարում է, որ կխոսի, սակայն ակնհայտ է, որ շարունակում է խիստ ցածր վստահություն ունենալ ոչ միայն հանրության շրջանում, այլ նաև նախկին իշխող համակարգի:

Մի փոքր առանձնահատուկ նրբերանգ է այն, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է, և համակարգը կարող է զուտ պրագմատիկ իրողություններից ելնելով, այսպես ասած՝ առաջնորդող դիտարկել Սերժ Սարգսյանին, դրանում տեսնելով նաև Քոչարյանի ազատ արձակման հեռանկար: Սակայն չկան այդպիսի սպասման ռացիոնալ նախադրյալներ: Ավելին, Սերժ Սարգսյանը նույնիսկ կարող է օգտվել իրավիճակից, որ երկրորդ նախագահը կալանքի տակ է: Ըստ այդմ պետք չէ բացառել նույնիսկ, որ նա հենց այդ նկատառումով էլ ձգում էր լռությունը, իսկ այժմ արդեն հասունացնում է խոսելու ժամանակը: Մինչ այժմ խոսում էր միայն Քոչարյանը՝ և այն էլ Սերժ Սարգսյանի հասցեին բավականին նկատելի մեղադրանքներով և կսմիթներով: Արդյո՞ք Սարգսյանը համարում է, որ եկել է «պարտքը» վերադարձնելու ժամանակը, կամ այդ ժամանակը գալիս է: Համենայնդեպս, որևէ տրամաբանության կարող է չդիմանալ այն, որ Սերժ Սարգսյանի մտքով կարող է անցնել որևէ միավոր հավաքել Նիկոլ Փաշինյանի գործունեության մեկ տարին քննադատության ենթարկելու համար: Արդյո՞ք Սարգսյանն այն աստիճան կարող է սխալ գնահատել իրավիճակն ու հանրային տրամադրությունը, որ խոսի այդպիսի իրական նպատակով:

Հետևաբար, եթե Սերժ Սարգսյանը չի կորցրել իրավիճակի գնահատման համարժեքությունը և քաղաքական հոտառությունն ու իրեն բնորոշ շախմատային հաշվարկի կարողությունը, ապա նրա հնարավոր խոսքը կունենա բոլորովին այլ նպատակ, քան նոր իշխանության քննադատությամբ հին իշխանության համար միավոր հավաքելը: Հակառակը նպատակ լինել կարող է, այսինքն՝ նոր իշխանության քննադատությամբ այդ իշխանության միավորներն ավելացնելը:

Առաջին հայացքից, Սերժ Սարգսյանի ինչի՞ն է դա պետք: Մյուս կողմից, իսկ նրա ինչին է պետք Ռոբերտ Քոչարյանի միավորների ավելացումը: Իհարկե, Սարգսյանի լռության խախտումը անկասկած պայմանավորված է լինելու շատ ավելի առարկայական գործոններով ու հանգամանքներով, քան այս կամ այն զամբյուղում միավորների քանակը: Դա լինելու է արդյունք կամ հետևանք, իհարկե ոչ Սերժ Սարգսյանի համար: Նա ներկայումս երևի թե միակ սուբյեկտն է Հայաստանի ներքին կյանքում, որ մի կողմից ունի դերակատարման մեծ ներուժ, մյուս կողմից՝ հավասարապես չունի արդյունքի ակնկալիք կամ հետևանքի ռիսկ:

 

Լրահոս

Դիտել ավելին