Կարևոր իրադարձություններ

Անթույլատրելի է հայ ժողովրդին վախեցնել հնարավոր պատերազմով. Դավիթ Տոնոյան

03 Ապրիլ, 2019 10:47
Անթույլատրելի է հայ ժողովրդին վախեցնել հնարավոր պատերազմով. Դավիթ Տոնոյան

Զենքի առևտրի շուկան բաց է բոլորի համար,«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Այս մասին հայտնում է aysor.am-ը:

«Զինամթերքի, սպառազինության ձեռքբերման վերաբերյալ որոշումները կատարվում են համապատասխան գնի, որակի ու այն հնարավորությամբ, եթե չկան որևիցե սահմանափակումներ մատակարարումների համար տվյալ երկրից», - ասել է Տոնոյանը։

ՀՀ պաշտպանութան նախարարն ընդգծել է՝ ինքը երբևիցե չի լսել, որ ԱՄՆ-ի կողմից լինեն ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներ Հայաստան կամ Ադրբեջան։

«Չի եղել այդպիսի օրինակ։ Իհարկե, եղել է, օրինակ, երկակի նշանակության արտադրանքի մատակարարումների», - ասել է Դավիթ Տոնոյանը։

Նա ընդգծել է, թե ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունից հետո, այն է՝ Հայաստանը կարող է զենք ձեռք բերել նաև ԱՄՆ-ից, ոչ մի բան առաջ չի գնացել։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է՝ ՀՀ-ում ռուսական զորքերի առկայությունը ոչ մի ձևով չի խանգարում Ամերիկայի հետ ռազմական համագործակցությունը զարգացնել։

«Ոչ մի ձևով չի խանգարում, քանի որ ցանկացած համագործակցություն ռազմական ոլորտում Հայաստանը իրականացնում է ազգային շահերից, անվտանգության ապահովման տեսանկյունից», - ասել է նա։

Անդրադառնալով Սիրիա խաղապահ զորքեր ուղարկելուն ու դիտարկմանը, թե Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որ արձագանքեց Ռուսաստանի կոչին, Տոնոյանը պատասխանել է. «Ռուսաստանի կոչն էլ է առկա, առկա է նաև հայ համայնքի կոչը, առկա է նաև Սիրիայի ժողովրդի կոչը։ Պայմանները հասունացան, ստեղծվեց հնարավորություն, քանի որ Հայաստանը ինքնուրույն տեղակայվելու հնարավորություն չուներ, մեզ այս հարցում աջակցում է ՌԴ պաշտպանության նախարարությունը և մենք շատ ուրախ ենք, որ այդ հնարավորությունը ունենք»։

Անդրադառնալով իր՝ ԱՄՆ-ում արած հայտարարությանը, Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ անթույլատրելի է Հայաստանի, Արցախի, հայկական բանակի հետ խոսել ուժի դիրքերից ու հայ ժողովրդին վախեցնել հնարավոր պատերազմով։

«Ես ինչ ասել եմ, ասել եմ որպես Պաշտպանության նախարար, նորից կրկնում եմ՝ Հայաստանի, հայ ժողովրդի հետ, առնվազն Զինված ուժերի ու Պաշտպանության նախարարի հետ ուժի դիրքերից խոսելն անթույլատրելի է ու պետք է հասարակությունը դա ընդունի», - ասել է Դավիթ Տոնոյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին