Վերջերս հայտնի դարձավ, որ ռուսահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը եկել էր Հայաստան:
«Շաբաթ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ նա մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումների հիմնական նպատակն է եղել որոշել, թե ով է լինելու քոչարյանա-սարգսյանական ճամբարի հրապարակային առաջնորդը:
Օլիգարխների դաշինքի առաջին դեմքի այդ պաշտոնի համար Սերժ Սարգսյանին և մյուս որոշում կայացնողներին Սամվել Կարապետյանը դարձյալ առաջարկել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը:
Սերժ Սարգսյանն էլ ցանկություն է հայտնել անձամբ վերադառնալ ակտիվ քաղաքականություն և իր դեմքով ներկայացնել իրենց դաշինքը: Երբ Սամվել Կարապետյանը և հանդիպման մյուս ներկաները Սերժ Սարգսյանին նրբորեն փորձել են հիշեցնել իր բավական ցածր վարկանիշը, Սերժ Սարգսյանը ասել է հետևյալը.
«Եթե ոչ ես, ապա թող լինի մեր Էդմոնը»:
Էդմոն Մարուքյանի օգտին լոբբինգի համար, թերևս, հիմք են ծառայել մի շարք հանգամանքներ: Նախ՝ Էդմոն Մարուքյանն ունի գեղեցիկ ու համոզիչ խոսք, և դեռ կան մարդիկ, որոնց համար բացահայտված չէ Մարուքյանի երկարամյա և թաքուն ծառայությունը նախկին իշխանություններին: Երկրորդ՝ ըստ օդում պտտվող լուրերի՝ Էդմոն Մարուքյանի վրա կան բավականաչափ կոմպրոմատներ, որպեսզի նա՝ դառնալով նախկինների թևի ֆորմալ առաջնորդ, չի համարձակվի ընդվզել իր հովանավորների դեմ: Քննարկվել է նաև այն տարբերակը, որ մայիսին ակտիվ կռիվը սկսեն հենց Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ և դեմքով, սակայն, նրա անազատության մեջ լինելու հանգամանքը, ու նաև ժողովրդի հսկայական ատելությունը, անհնարին են դարձրել այս սցենարը:
Այսպիսով, ընտրությունն այս պահին կանգ է առել Կարեն Կարապետյանի կամ Էդմոն Մարուքյանի վրա: Վերջնական որոշումը կկայացվի շուտով:
Բոլորին էլ պարզ է, որ ով էլ լինի այդ ֆասադային առաջնորդը, նրա հետևում որոշումները կայացվելու են փակ բաժնետիրական ընկերության կանոններով: Օլիգարխիկ ճամբարի հիմնական բաժնետերերը, ինչպես և նախկինում,կլինեն Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը: Այս եռյակին նրանք շատ են ցանկանում ավելացնել ևս մեկ ուժեղ խաղացողի՝ Գագիկ Ծառուկյանին ու նրա հսկայական ռեսուրսները: Սակայն Ծառուկյանը դեռևս հեղափոխության օրերից միացել է Փաշինյանին ու ժողովրդին, և չի ցանկանում համագործակցել նախկինների հետ, այն էլ՝ նման ոչ շահեկան դիրքավորումներով: Ամեն դեպքում մեծ կռվի սկիզբը նախատեսվում է մայիսին, որտեղ ակտիվացվելու են բոլոր Սարգսյանա-քոչարյանական լրատվամիջոցները, փորձագետները, նոր բացված ՀԿ- ները, ինչպես նաև մեծ ու փոքր կուսակցությունները: