Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել են Լոռու մարզում կատարված գողության մի քանի դեպքեր

02 Ապրիլ, 2019 18:42
Բացահայտվել են Լոռու մարզում կատարված  գողության մի քանի դեպքեր

Ապրիլի 1-ին ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել, որ մարտի 30-ի ժամը 14-ից ապրիլի 1-ի ժամը 9-ը ընկած ժամանակահատվածում պատուհանի պոլիէթիլենային թաղանթը պոկելու միջոցով մուտք են գործել արտադրամասի տարածք և գողացել 40 մ էլեկտրական եռակցման պղնձյա մալուխ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
«Զինանոց-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Շամլուղ քաղաքի բնակիչ Գրիգոր Մ.-ին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան և փամփշտակալ՝ լիցքավորված 16 մմ տրամաչափի 19 փամփուշտներով, որոնց համար փաստաթուղթ չի ներկայացրել:

Գրիգոր Մ.-ն հայտնել է, որ զենք-զինամթերքը գնել է Ախթալա քաղաքի բնակիչ ոմն Ոժոյից: Նա խոստովանել է նաև, որ մարտի 30-ին, ժամը 21.30-ի սահմաններում, հիշյալ գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը վաճառել է Վանաձոր քաղաքի շուկայում: 

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գրիգոր Մ.-ն նույն ընկերությունից նախկինում ևս կատարել է գողություններ: Մասնավորապես, 3 տարի առաջ Շամլուղի արտադրամասից համաքաղաքացի Յաշա Կ.-ի հետ գողացել են կոմպրեսորի գործարկիչ և ամբարձիչի էլեկտրական մարտկոցներ, որոնք վաճառել են: 4 տարի առաջ ՓԲԸ-ի բաց հանքի տարածքից գողացել է 13 մետր մալուխ, որը հայտնաբերվել է նրա բնակարանում:

Գրիգոր Մ.-ն խոստովանել է նաև, որ մոտ 10 օր առաջ Շամլուղ քաղաքի «Վերին Ախթալա» հանդամասի ֆերմայից գողացել է 6 էլեկտրական անջատիչ, որոնք հայտնաբերվել են նրա բնակարանում: 
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին