Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ է քոչարյանական ճամբարը խուճապի մեջ. «Շաբաթ»

02 Ապրիլ, 2019 09:00
Ինչու՞ է քոչարյանական ճամբարը խուճապի մեջ. «Շաբաթ»
Քոչարյանական թևում իրական խուճապ է, քանի որ օրերս տապալվեց հերթական հակահեղափոխական սպասումը: Բանն այն է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը Հայաստանի համար բավական հաջող ընթացավ, և արդյունքում հակամարտող կողմերը և Մինսկի համանախագահող երկրները դրական որակեցին երկու առաջնորդների առաջին պաշտոնական հանդիպումը: Ակնհայտ էր, որ Փաշինյանը չի հրաժարվել բանակցություններում Արցախի ներգրավման գաղափարից, բայց նաև փակուղի չի մտցրել բանակցային գործընթացը: Այսպիսով, մոտակա պատերազմի վտանգը չեզոքացված է, իսկ հող հանձնելու մասին նույնիսկ խոսք չի գնում: Այս պայմաններում քոչարյանականները այլևս չգիտեն, թե ինչից կառչեն, որ կարողանան վարկաբեկել Փաշինյանին:
 
Դեռևս անցյալ տարվա հունիսից նախկինները միմյանց «դուխ» էին տալիս՝ իրար հուսադրելով, որ Փաշինյանը չի ձգի նույնիսկ մինչև աշուն, հետո՝ մինչև ձմեռ, իսկ հետո էլ՝ մինչև հաջորդ մայիս: Ազատազրկման մեջ գտնվող Քոչարյանի համար թիմակից հավաքելու երկու միջոց կա՝ փողը և Փաշինյանի տապալման մոտալուտ սպասումը: Ի դժբախտություն Քոչարյանի՝ շատերն են այժմ հասկանում, որ այս հեղափոխությունը խաղ չէր ու ոչ էլ սարքվել էր նախկինների կողմից, որ Նիկոլի ձեռքով հողեր տային: Ճիշտ հակառակը՝ կոռուպցիան օր-օրի նվազում է, իսկ հանցագործները կամաց-կամաց հայտնվում են քրեական գործերի տարափի տակ: Փաշինյանի կառավարման գրեթե ողջ ընթացքում սահմանին հակառակորդի կրակից զինվոր չի մահանում, իսկ հողերն էլ չեն հանձնվում: Փաշինյանի հետ աստիճանաբար հաշվի են նստում և նորմալ գործակցում են թե Ռուսաստանում, թե Եվրոպայում և թե ԱՄՆ-ում: Շատերն են դեռ աղքատ, բայց երկրում սով կամ դեֆոլտ չկա, իսկ տնտեսությունն ու բյուջեն փոքր քայլերով առողջանում են: Մի խոսքով՝ Փաշինյանի կառավարության մոտալուտ տապալման մասին լուրերը խիստ չափազանցված են, իսկ դրան անհամբեր սպասողները երազախաբ են ու հիստերիայի մեջ:
 
Այդ էր պատճառը, որ տապալվեց Քոչարյանի շտաբի հերթական «կրեատիվ» նախագիծը, ըստ որի ապրիլի 1-ին պիտի սոցցանցերում համատարած օգտագործեին #SutNikol գրառումը: Այս ֆլեշմոբը ձախողվեց, քանի որ Փաշինյան-Ալիև հանդիպումը հաջող անցավ և Քոչարյանի նոսրացող թիմը չկարողացավ Փաշինյանին հանրության աչքում ձախողակ և սպասումները խաբող ներկայացնել: Այս պարագայում հակահեղափոխականների միակ հույսը մնաց Կոնստատանտին Օրբելյանի ազատման շուրջ դարի աղմուկը բարձրացնելն ու մշակույթի նախարարի պաշտոնակատարի վրա կեղտեր բռնելը:
 
Այսպիսով, ռևանշիստների թիմում այլևս դժվարացել է մարդկանց հավատացնել, որ Փաշինյանն անզոր է լուրջ հարցերով զբաղվել և ուր որ է այնպես է խայտառակվելու, որ հասարակությունը խնդրելու է նախկիններից մեկին հետ գալ ու փրկել հայ ժողովրդին: Ահա թե ինչու շուտով քոչարյանական թևի համար գրեթե անհնար կդառնա փողով կամ մոտալուտ պաշտոնի խոստումով նոր ընդդիմախոսներ հավաքագրել Փաշինյանի դեմ:
 
 

Լրահոս

Դիտել ավելին