Կարևոր իրադարձություններ

Գրավատների համար պետական տուրքի վերանայված դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020թ-ի հունվարի 1-ից

01 Ապրիլ, 2019 20:32
Գրավատների համար պետական տուրքի վերանայված դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020թ-ի հունվարի 1-ից

ՀՀ կառավարությունը Ազգային ժողով ուղարկված Հարկային օրենսգրքի նախագծում պահպանել է գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացման դրույթը,սակայն դրա՝ ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանել 2020թ հունվարի 1-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

 «Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքը բարձրացնելու մասով մի քանի հանդիպումներ են կազմակերպվել ոլորտի ներկայացուցիչների հետ: Մենք առաջարկել էինք որոշակի փոխզիջումային տարբերակ, որ քննարկենք և առաջարկվող պետական տուրքի դրույքաչափերին հասնենք որոշակի ժամանակահատվածի ընթացքում: Բայց այս առաջարկը չի ընդունվել ոլորտի ներկայացուցիչների կողմից: Այդուհանդերձ, կառավարությունն իր նախաձեռնությամբ մեկ բարելավում կատարել Է»,-ասաց Պողոսյանը:

 Նախագծի նախնական տարբերակով նախատեսվում էր, որ պետական տուրքի վերանայված դրույքաչափերն ուժի մեջ են մտնելու օրենքի ընդունումից անմիջապես հետո, բայց ԱԺ-ի քննարկմանը ներկայացված տարբերակում նախատեսվել է, որ պետական տուրքի վերանայված դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020թ-ի հունվարի 1-ից միայն:

 Փոխնախարարի խոսքով՝ նրանք ոլորտի ներկայացուցիչներին առաջարկել էին պահպանել օրենսգրքով նախատեսվող դրույքաչափերը, սակայն դրանց հասնել որոշակի ժամանակի ընթացքում, օրինակ 2 տարում: Սակայն առաջարկը մերժել էր:

 Նախատեսվում է գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ: Այս դրույթներն առաջացրել էին ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին