Կարևոր իրադարձություններ

Կրեմլի արձագանքը՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններին

01 Ապրիլ, 2019 16:32
Կրեմլի արձագանքը՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններին

Ռուսական իշխանություններն առայժմ որևէ գնահատական չեն տա Ուկրաինայի նախագահական ընտրություններին և մտադիր են սպասել քվեարկության երկրորդ փուլի արդյունքներին: Այդ մասին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է korrespondent.net-ը:

«Ուկրաինայում նախագահական ընտրությունները չեն ավարտվել, առջևում երկրորդ փուլն է, այդ իսկ պատճառով առայժմ եզրահանգումներ անելը դեռ վաղ է, պետք է սպասել»,-նշել է Պեսկովը:

Նա չի խոսել նաև առաջին փուլում առաջատար թեկնածու Վլադիմիր Զելենսկիի գրանցած արդյունքների մասին վերաբերմունքի շուրջ:

«Քանի դեռ ընտրությունները չեն ավարտվել, չի կայացել երկրորդ փուլը, և պարզ չէ հաղթողը, այդ մասին խոսելը վաղ ենք համարում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նա նաև նշել է, որ Մոսկվան թեկնածուներից ոչ ոքի չի շնորհավորի Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու առթիվ:

«Քանի դեռ ընտրությունները չեն ավարտվել, երկրորդ փուլ անցնելու առթիվ շնորհավորելը, հավանաբար, ճիշտ չի լինի, այդ իսկ պատճառով, բնականաբար, դրա մասին խոսք չկա, որովհետև Ուկրաինայում ընտրությունների հաղթողը դեռ պարզ չէ»,-ասել է Պեսկովը:

Նա հավաստիացրել է, որ Կրեմլը «ուշի-ուշով հետևում է թեկնածուների հայտարարություններին՝ հատկապես այն մասերին, որոնք վերաբերում են մեր երկրին և երկկողմ հարաբերություններին»:

«Մենք ուշի-ուշով հետևում ենք թեկնածուների արտահայտություններին՝ կապված Դոնբասի ճակատագրի վերաբերյալ նրանց տեսլականի հետ, անում ենք համապատասխան եզրակացություններ, և, իհարկե, ամեն դեպքում՝ Ուկրաինայի ղեկին մենք կցանկանայինք տեսնել ոչ թե պատերազմի կուսակցություն, այլ կուսակցություն, որի նպատակն է իրավիճակի փուլային կարգավորումն Ուկրաինայի հարավ-արևելքում՝ առկա (Մինսկի) համաձայնագրերի հիման վրա»,-ամփոփել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլի 70 տոկոս քվեների մշակման արդյունքում առաջատարը «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Վլադիմիր Զելենսկին է՝ 30,45 տոկոսով: Երկրորդ տեղը զբաղեցնում է երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 16,19 տոկոս, իսկ «Բատկիվշչինա» կուսակցության նախագահ Յուլյա Տիմոշենկոն երրորդն է՝ 13,15 տոկոս:

 

Լրահոս

Դիտել ավելին