Կարևոր իրադարձություններ

Արտոնյալներ որևէ ոլորտում չեն կարող լինել. փոխվարչապետ

01 Ապրիլ, 2019 14:52
Արտոնյալներ որևէ ոլորտում չեն կարող լինել. փոխվարչապետ

Լրագրողների հետ զրուցում այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը  նկատեց, որ եթե կա օրենք, այն գործում է բոլորի համար, և արտոնյալներ որևէ ոլորտում չեն կարող լինել:

Տիգրան Ավինյանը անդրադարձավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի` պաշտոնից ազատմանը:

«Այն պրոցեսը, որ ես տեսել եմ և բողոքի ակցիաները, որոնց մասին տեղեկացված եմ, ինչպես նաև այն հիմնավորումները, որոնք բերվում են մշակույթի ոլորտի մասնագետների կողմից Օրբելյանի վերաբերյալ, իմ կարծիքով՝ այդտեղ կա նաև մի փոքր խնդիր: Եթե կա օրենք, օրենքը գործում է բոլորի համար, սա հստակ պետք է լինի: Հարգելով պարոն Օրբելյանի վաստակը այդ ոլորտում, այնուամենայնիվ, արտոնյալներ որևէ ոլորտում չեն կարող լինել, նույնիսկ մշակույթի ոլորտում»,- նշեց փոխվարչապետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի բոլոր թատրոնների՝ վարչապետին ուղղված բաց նամակին, որով նրանք պահանջում են մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը, Տիգրան Ավինյանը նշեց. «Քանի որ այս օպտիմալացման պրոցեսում մշակույթի նախարարությունը միանալու է կրթության և գիտության նախարարությանը, կարծում եմ՝ այդ փուլում մենք կգանք այդ հարցերի լուծմանը»:

Փոխվարչապետը ընդգծեց, որ երկքաղաքացիություն ունեցող Նազենի Ղարիբյանի պետական պաշտոն զբաղեցնելը օրենքի խախտում չէ:   

 

 

Լրահոս

Դիտել ավելին