Կարևոր իրադարձություններ

Դատավորը քաղաքացուն 3.4 մլն դրամ պետտուրքից ազատելու դիմաց պահանջել է 1.7 մլն դրամ. ՀՔԾ

01 Ապրիլ, 2019 11:55
Դատավորը քաղաքացուն 3.4 մլն դրամ պետտուրքից ազատելու դիմաց պահանջել է 1.7 մլն դրամ. ՀՔԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Ըստ առաջադրված մեղադրանքի` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.400.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց 2019թ. մարտի 4-ին նրանից  պահանջել է առանձնապես խոշոր չափերի`  1.715.000 ՀՀ դրամին համարժեք` 3500 ԱՄՆ  դոլար կաշառք:

Քաղաքացու հետ սակարկելու արդյունքում Գ. Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց  1.225.000 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ:  Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, ով նույն օրը այն փոխանցել է դատավորին:      

30.03.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Գ. Հեբոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Գ. Հեբոյանը կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին