Կարևոր իրադարձություններ

« Իսկ ու՞մ ասես վերադարձրու սեփականաշնորհած տարածքդ ու նա վերադարձնի»

01 Ապրիլ, 2019 09:20
Հեղինակ՝ Դավիթ Հովհաննիսյան
« Իսկ ու՞մ ասես վերադարձրու սեփականաշնորհած տարածքդ ու նա վերադարձնի»

Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

«ՈՒ էլի անցումային արդարադատության մասին

Երևանի քաղաքապետ Hayk Marutyan-ը հայտարարում է, որ բոլոր՝ համայնքին անհրաժեշտ հողատարածքները չնչին գներով սեփականաշնորհվել են նախկին չինովնիկների կողմից, «ամենադաժանը՝ հանրային այգիների տարածքների սեփականաշնորհումն է» և դեռ մի բան էլ այնքան լկտիություն ունեն, որ դիմում են քաղաքապետարանին այգիներում շինթույլտվության իրավունք ստանալու համար: Իրենք բանակցում են այդ տարածքները վերադարձնելու համար, բայց առայժմ՝ ապարդյուն:

Իսկ ու՞մ ասես վերադարձրու սեփականաշնորհած տարածքդ ու նա վերադարձնի:

Այս հարցը լուծող մարմինը Ազգային Ժողովն է:
Ազգային Ժողովի առաջնային անելիքը նախորդ ռեժիմի վերաբերյալ քաղաքական գնահատական հնչեցնելն է: Աժ-ն պաշտոնական հայտարարությամբ պետք է ֆիքսի նախորդ ռեժիմի ոչ լեգիտիմ, ավտորիտար, ծայրից ծայր կոռումպված լինելու հանգամանքը:

Այս հայտարարությունը պետք է լինի այն գաղափարական հիմքը, որի վրա կառուցվելու է անցումային արդարադատության համակարգը:
ԱԺ ընդունած օրենքը պետք է հնարավորություն տա կոռումպացված համակարգի չինովնիկների կողմից կեղծ աճուրդներով և ձևական գներով սեփականաշնորհած հողատարածքների և շենքերի վերադարձը պետական հաշվեկշռի ներքո, իսկ այդ ապօրինի սեփականաշնորհում իրականացրած չինովնիկներին ազատի քրեական պատասխանատվությունից:

Սրա այլընտրանքը տարիներով ձգձգվող բանակցությունները, քրեական գործերն ու դատական պրոցեսներն են և հազարավոր մարդկանց կալանավորումն ու դատապարտումը, հսկայական լարվածությունը ամբողջ հասարակության մասշտաբով տարիներ շարունակ:

Անցումային արդարադատությունը միակ միջոցն է վերականգնելու սոցիալական արդարությունը և հասարակական համերաշխությունը:

Իմիջայլոց՝ անցումային արդարադատության գործիքներով պետք է կարգավորվի նաև դարձյալ ոչ մրցակցային, հովանավորչական, կոռուպցիոն պայմաններում ընթացած հեռուստահաճախականությունների մրցույթները՝ կասեցնելով ժամկետները և հայտարարելով նոր մրցույթներ: Այլապես ստացվում է, որ ժողովրդավարական Հայաստանում ամբողջ հեռուստատեսային դաշտը վերահսկվում է ավտորիտար կուռուպցիոն ռեժիմի սև փողերով:

Ես հասկանում եմ, որ Իմ քայլը խմբակցությունում պատահականորեն հայտված որոշ պատգամավորների ավելի կոմֆորտ է խոսել հայրենիքի հանդեպ անհուն սիրուց, ուրիշներին էլ հայրենասիրության դասեր տալ կամ մանկամիտ հարցեր տալ վարչապետին, որպեսզի Նիկոլը իրենց դեմքով ճանաչի, բայց մարդիկ հեղափոխություն են արել և իրենց խորհրդարան գործուղել Հայաստանում արդարությունը վերականգնելու, օրենքի և իրավունքի գերակայություն հաստատելու, մարդկանց խախտված իրավունքները վերականգնելու պատվիրաններով և ոչ ոք իրավունք չունի մոռանալ սրա մասին»:

 

Լրահոս

Դիտել ավելին