Կարևոր իրադարձություններ

Կբացվի Նարեկ Առուշանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

07 Հոկտեմբեր, 2015 12:55
Կբացվի Նարեկ Առուշանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում /Աբովյան 16/` ս. թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 19:00-ին կբացվի գեղանկարիչ Նարեկ Առուշանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հոկտեմբերի 12-ը: Նարեկ Լորենցի Առուշանյանը ծնվել է 1973 թ., Երևանում: Ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: Հետագայում դասավանդել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում և աշխատել տնօրենի պաշտոնում: Ն. Առուշանյանը Հայաստանի նկարիչների միության անդամ է: Թեպետ Առուշանյանն առավել հայտնի է որպես գեղանկարիչ, այնուամենայնիվ, երբեմն արվեստագետին ու մարդուն առավել բնութագրում են նրա գրաֆիկական աշխատանքները: Հայրենի մշակույթին ու պատմությանը սերտորեն կապված` նա իր անձը դիտարկում էր Հայրենիքի համատեքստում, ինչն արտացոլվում էր նրա ստեղծագործության թեմատիկ ու սյուժետային, ժանրային բովանդակության մեջ: Գեղանկարչի արվեստը կամերային և անհատական, անմիջական ու կենդանի է: Ցավալի է գիտակցել, որ նա չհասցրեց լիովին իրագործել նկարչի իր առաքելությունը: Սակայն այն, ինչ արվել է, Նարեկ Առուշանյանին թույլ է տալիս զբաղեցնել իր ուրույն տեղը հայ արվեստում:

 

Լրահոս

Դիտել ավելին