Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը անդրադառնալով այն թեմային, թե ընդդիմադիր ուժերի պահանջով ԱԱԾ-ն ու ոստիկանությունը կդառա՞ն նախարարություններ, որպեսզի հնարավոր լինի խորհրդարանական վերահսկողություն իրականացնել՝ նշեց.
«Եթե նպատակը խորհրդարանական վերահսկողությունն է, ապա կածում եմ՝ այսօր վառ օրինակ է, որ մենք չենք խուսափում խորհրդարանական վերահսկողությունից, ցանկացած ժամանակ կարող ենք գալ եւ պատասխանել ԱԺ պատգամավորների հարցերին, փակ թե բաց ֆորմատով»,-հայտնեց Վանեցյանը:
Նա հավաստիացրեց, որ քաղաքական հրահանգներ վարչապետի կողմից առհասարակ չեն լինում.
«Մենք օրենքի շրջանակներում մեր լիազորություններն իրականացնում ենք բացառապես ՀՀ օրենքներով: Կարծում եմ՝ քաղաքականացնել ԱԱԾ-ի տնօրենի կամ ոստիկանապետի պաշտոնը չարժե, որովհետեւ եթե մենք դառնանք նախարարներ, լինելու ենք քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք եւ ուզենք, թե չուզենք սպասարկելու ենք որեւէ քաղաքական ուժի շահերը»,-ընդգծեց Վանեցյանը: