Կարևոր իրադարձություններ

Կենտրոնական բանկը նոր հուշադրամ է թողարկել

22 Մարտ, 2019 11:41
Կենտրոնական բանկը նոր հուշադրամ է թողարկել

ՀՀ կենտրոնական բանկը մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը, տեղեկացնում են ԿԲ լրատվական ծառայությունից։ 

«Գալուստ Գյուլբենկյան-150»

Դիմերես` հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը:

Դարձերես` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը և նրա ստորագրությունը:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 10 000 դրամ
Մետաղը և հարգը ոսկի 900
Քաշը 8,6 գ
Տրամագիծը 22,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը 1000 հատ

Էսքիզների հեղինակներ՝ Հարություն Սամուելյան (դիմերես) և Վարդան Վարդանյան (դարձերես):
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Գալուստ Գյուլբենկյանը (1869-1955 թթ.) հայ մեծանուն գործարար է և բարեգործ:  Նա անցյալ դարասկզբին նավթաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչն էր և նավթային դիվանագիտության մեջ ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Ուսումնասիրել է Միջագետքի նավթի պաշարները և զբաղվել նավթի արտահանմամբ: 1930 թ. Փարիզում ընտրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ:

Գյուլբենկյանի կտակի համաձայն՝ 1956 թ. Լիսաբոնում հիմնվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը, որը ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել Սփյուռքի հայ մշակութային միություններին, հայկական դպրոցներին և հոգևոր հաստատություններին, կրթաթոշակներ տրամադրել հայ աշակերտներին և ուսանողներին:

Գյուլբենկյանը ձեռք է բերել արվեստի գործերի, մետաղադրամների և արվեստագիտական գրքերի հարուստ հավաքածու, որն այժմ ներկայացված է Լիսաբոնում, աշխարհի բացառիկ` Գալուստ Գյուլբենկյանի թանգարանի ցուցասրահներում:

 

Լրահոս

Դիտել ավելին