Կարևոր իրադարձություններ

Մարտի 23-ին մայրաքաղաքում կտնկվի շուրջ 5000 ծառ

22 Մարտ, 2019 10:37
Մարտի 23-ին մայրաքաղաքում կտնկվի շուրջ 5000 ծառ

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մարտի 23-ին վաղ առավոտից Երևանում կմեկնարկի «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակը:

«Տարիների ընթացքում կուտակված աղբավայրեր ու շինարարական աղբով զբաղեցված տարածքներ. այս ամենից պետք է ազատվել համընդհանուր ջանքերով», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի մաքրությունն իրականացվելու է հասցեագրված տարածքներում:

«Նախատեսվում է մաքրել ընդհանուր օգտագործման բոլոր տարածքները, սիզամարգերը, զբոսայգիները, պուրակները: Կիրականացվեն հողային աշխատանքներ, փխրեցումներ, կշարունակվեն էտման աշխատանքները, ինչպես նաև նախատեսված է ծառատունկ»,- ըստ հաղորդագրության, ասել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանը:

Ծառատունկը ևս կիրականացվի հասցեական ու բացառապես ոռոգելի տարածքներում: Մարտի 23-ին մայրաքաղաքում կտնկվի շուրջ 5000 ծառ: Այս տարի նոր մոտեցում է ցուցաբերվել տնկիների ընտրության հարցում:

«Բացի ավանդական ծառատեսակներից լինելու են ծաղկող ծառեր, կատալպաներ, արոսենիներ, որոշ տեղերում կտնկվեն նաև պավլովնյաներ: Այս տարի մենք նաև խստացրել ենք տնկիների նկատմամբ պահանջները: Դրանք լինելու են շատ ավելի կենսունակ, ավելի հաստ տրամագծով, ուղղաձիգ առանցքով և ավելի բարձր հասակով»,- ասել է Հակոբյանը:

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը խնդրել է բնակիչներին՝ շինարարական աղբը թափել ոչ թե քաղաքի տարբեր հատվածներում, այլև Նուբարաշենի շինաղբավայրում։

«Այն մարդիկ, ովքեր չեն տեղափոխի շինարարական աղբը նախատեսված վայր, կենթարկվեն տույժ ու տուգանքների», - ընդգծել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը Արարատ Խաչիկյանը:

Համապետական շաբաթօրյակը մայրաքաղաքի տարբեր հատվածներում կուղեկցվի տոնական միջոցառումներով:

 

Լրահոս

Դիտել ավելին