Շաբաթ օրաթերթին հայտնի է դարձել, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանի ղեկավարած «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող բնակարանաշինականական աշխատանքներում հայտնաբերվել են խախտումներ:
Մեր ունեցած տեղեկություններով, երիտասարդ մասնագետների համար տրամադրվող բնակարանների շահառուներ դարձել են տրամադրման չափանիշներին չհամապատասխանող անձինք: Այժմ ընթանում են ստուգումներ՝ հասկանալու բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերողներից՝ ով է շահառու, ով ոչ: Ովքեր իրական շահառու են բնակարան չեն կորցնի, ովքեր շահառու չեն կզրկվեն բնակարաններից:
Փորձեցինք կապ հաստատել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի և նախագահ Արսեն Քարամյանի հետ, նա հրաժարվեց մեկնաբանություն տալ:
Հիշեցնենք. օրեր առաջ մամուլում տարածվեց, որ քննչական կոմիտեն Պետգույքի կառավարման կոմիտեից առգրավել է Արսեն Քարամյանի ՀԿ-ին օտարված պետական գույքի գործարքի փաստաթղթերը։
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին օտարված գույքը գնահատվել է արժեքի 0.72 %-ի չափով: Գույքի շուկայական արժեքը կազմել է 499 մլն դրամ, սակայն ՀԿ-ն վճարել է 50 մլն դրամ, ներառյալ հողամասի կադաստրային գինը՝ մոտ 47 մլն դրամ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: