Կարևոր իրադարձություններ

«Հայաստանում 100%-ով վարկ կա՞». Նիկոլ Փաշինյան

21 Մարտ, 2019 13:08
«Հայաստանում 100%-ով վարկ կա՞». Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վարկերի իրական տոկոսներին և հարցադրում արեց՝ ինչո՞ւ չեն կարողանում արձանագրել իրական տոկոսները: Ըստ նրա՝ քաղաքացիների կողմից բողոքները կրկնվում են, երբ առաջարկվում է վարկ, օրինակ, 15 տոկոսով, տեղում պահանջում են որոշակի ծառայությունների վճարներ և, իրականում, ստացվում է տոկոսը 24 է:

«Ասում ենք, որ վարկի տոկոսը իջավ, սակայն քաղաքացիների հետ շփումից ստացվում է, որ ծառայությունների վճարների միջոցով իրական տոկոսները չենք կարողանում արձանագրենք: Վարկը ստանալու պահին քաղաքացին ի՞նչ ծախսեր պետք է անի և այս գործընթացը որքանո՞վ է օրինական և տրամաբանական», - նշել է վարչապետը:

Կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ խոսքը էֆեկտիվ տոկոսոադրույքի մասին է և ընդունված սպառողական կրեդիտավորման մասին օրենքով քաղաքացիների շահերը պաշտպանված են:

«Մինչև տասը միլիոնանոց սպառողական վարկերի դեպքում ֆինանսական կառույցը պարտավոր է բոլոր տիպի վճարները ներառի տոկոսի մեջ և ընդգծված ձևով ներկայացվի իր տոկոսը որքան է, կառավարման վճարը, գնահատման վճարը մտցնի քաղաքացու տոկոսի մեջ, գումարը ֆիքսի, թե որքան է մարելու, որից հետո միայն քաղաքացին վարկը ստորագրում է», - ասաց նա:

Վարչապետը հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ տոկոսի մասին հայտարարությունները այդ հաշվառումով անել, որպեսզի իմանան՝ շուկայում ինչ է կատարվում:

«Մտավախությունն այն է, որ թվերը իրականությունը չեն արտացոլում և կարող ենք սխալ եզրակացությունների գալ», - նշեց վարչապետը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրեց, որ իրենց հայտարարությունները վարկավորումների վերաբերյալ համապատասխանում են իրականությանը, իսկ խնդիրը վերաբերում է մանր սպառողական վարկերին, որտեղ կոմիսիոն գումարը մեծ ազդեցություն է ունենում, բայց ԿԲ-ն ունի զսպման գործիքներ:

«Իմ խնդիրն է հասկանալ ճշմարտությունը, որ հինգ հարյուր հազար վարկի դիմաց պահանջում են հիսուն հազար դրամ, ստացվում է վատ դրության մեջ ենք դնում գյուղացուն», - նշել է Փաշինյանը։

Արթուր Ջավադյանը նշեց, որ իրենց վերցրած վարկերն էլ են այդպիսին, դրանց համար էլ վճարներ կան: Նա բարձրացրեց գրավատների հարցը և նշեց, որ այստեղ խնդիր կա նրանց կողմից ներկայացված տոկոսադրույքների առումով, քանի որ դա երբեմն գերազանցում է հարյուր տոկոսը:

«Հայատանում հարյուր տոկոսով վարկ կա՞», - հարցրեց վարչապետը։ Ի պատասխան Արթուր Ջավադյանն ասաց, որ կարծում է՝ դրանից ավելի էլ կա:

ԿԲ նախագահը չհամաձայնեց, որ լոմբարդները փոքր և միջին բիզնես են և օրինակ բերեց, թե որքան հարկ են տալիս լոմբարդները:

«Ֆինանսական հարաբերություններում և, ընդհանրապես, բոլոր հարաբերություններում ամենակարևոր արձանագրումը հետևյալն է, որ ամեն մարդ, ի վերջո, ինքն է պատասխանատու իր գործունեության հետևանքների համար: Սա ՀՀ-ում շատ դեպքերում արձանագրված չէ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին