Կարևոր իրադարձություններ

Չի լինելու քաղաքական հաշվեհարդար. Պապիկյան

20 Մարտ, 2019 12:45
Չի լինելու քաղաքական հաշվեհարդար. Պապիկյան

 Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ  ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ունենք համայնքապետարաններ, որոնք շատ լավ են պատկերացնում իրենց համայնքի զարգացումը:

«Ցավոք, այդ թիվը մեծ չէ, եւ սա է պատճառը, որ մենք փորձում ենք նոր որակ հաղորդել համայնքների կառավարմանը եւ առաջիկայում, երբ կհրապարակվի նոր խոշորացման ծրագիրը, նախատեսում ենք, որ պետք է Հայաստանի համայնքներում ներդրվի համամասնական ընտրակարգ»,- ասել է  նախարարը։

Պապիկյանը անդրադարձել է նաեւ վերջին օրերին մի քանի համայնքներում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, որտեղ բնակիչները պահանջում են համայնքի ղեկավարների հրաժարականը: Նա քաղաքացիներին հորդորել է, որ ակնկալիք չունենան, թե իշխանությունները պետք է իրենց իրավասություններից դուրս քայլեր կատարեն:

«Տեղական հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարելուց հետո մեր քաղաքացիներին հնարավորություն կընձեռենք իրենց վերաբերմունքը հայտնել իրենց համայնքապետի նկատմամբ, այն է՝ այդ համայնքապետը պե՞տք է արդյոք պաշտոնավարի, թե ոչ։ Մենք դրա համար օրենսդրական մեխանիզմ ենք ստեղծում»,- նշել է նախարարը։

Նա նշել է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պաշտպանված են օրենքով՝ անկախ կուսակցական պատկանելությունից եւ անկախ նրանից, թե երբ են պաշտոնավարել։

«Չի լինելու քաղաքական հաշվեհարդար։ Եթե այդ ընթացքում նաեւ մեզ են փնովում եւ ակնկալում, որ կենտրոնական իշխանությունները պետք է օգտագործեն գործիքներ, որոնց իրավունքը չունեն, պետք է հիասթափեցնեմ»,- հայտարարել է  նախարարը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին