Կարևոր իրադարձություններ

Հոգեկան առողջության կենտրոնում այլեւս չեն կիրառվելու ֆիզիկական զսպման ինքնաշեն միջոցներ՝ պարաններ, գոտիներ

19 Մարտ, 2019 14:33
Հոգեկան առողջության կենտրոնում այլեւս չեն կիրառվելու ֆիզիկական զսպման ինքնաշեն միջոցներ՝ պարաններ, գոտիներ

Երեւանի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը (Նուբարաշենի նախկին հոգեբուժարանը) տեղեկացնում է, որ հիվանդանոցում այլեւս չեն օգտագործվում ֆիզիկական զսպման ինքնաշեն միջոցները:

«Մենք չունենք փակ թեմաներ, տաբուներ, յուրաքանչյուր խնդիր բաց է քննարկվում, նույնիսկ այն խնդիրները, որոնք առաջին հերթին մեզ համար են ցավոտ։ Այս մի հարցը հենց այդպիսին է։ 2019 թվականի առաջին իսկ օրերին հիվանդանոցի բաժանմունքներից հավաքվեցին և այդուհետ խստիվ արգելվեց ֆիզիկական զսպման ինքնաշեն միջոցների օգտագործումը։ Դրանք տարաբնույթ են․ պարաններ, հին՝ մետաղյա մասեր ունեցող գոտիներ, այսպես կոչված պարաշյուտի կապաններ, ռեզինե ճգուտներ և այլն։ Միանգամից նշենք, որ սրանք այլևս չեն օգտագործվում հիվանդանոցում, ավելին մեծ և հետևողական ուսուցողական աշխատանք է տարվել ամբողջ անձնակազմի հետ դրանց վնասակարության և օգտագործման անընդունելության վերաբերյալ»,- ասվում է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

 

Միեւնույն ժամանակ նշվում է, որ հասկանալի պատճառներով ֆիզիկական զսպումը, որոշ դեպքերում, ստիպված և այլընտրանք չունեցող մեթոդ է, ուստի իրենք չեն կարող ընդհանրապես հրաժարվել դրանից, այն տարբերությամբ, որ այժմ այս գործընթացի ժամանակ օգտագործվում են աշխարհով մեկ ճանաչում ունեցող «POSEY» հանրահայտ ընկերության կողմից մշակված, տարիներ շարունակ հոգեբուժական առաջատար կլինիկաներում ստուգված, փորձարկված, հիվանդի համար անվնաս միջոցները։

Եթե տարվա սկզբին դրանցից ձեռք էր բերվել (ինտերնետով և ոչ հիվանդանոցի, այլ մասնավոր անձի հաշվին) և մինչ այսօր օգտագործվում էր միայն երեք զույգ, ապա այսօր արդեն ձեռք է բերվել (նույն ճանապարհով և միջոցներով) հավելյալ 6 զույգ, այսպիսով դրանք հասանելի դարձնելով հիվանդանոցի բոլոր բաժանմունքների համար։

«Եվ սա հիմք է հայտարարելոււ, որ այս ծանր և դժվար էջը փակված է, հետդարձ ճանապաչհ չկա։ Հենց այսպես էլ, քայլ առ քայլ, առաջ ենք շարժվելու»,- ասվում է կենտրոնի էջում հրապարակված տեքստում։

 

Լրահոս

Դիտել ավելին