Կարևոր իրադարձություններ

Այսօր թյուր կարծիք է ձևավորվել, թե բանկերը խաբում են.Արտակ Հանեսյան

19 Մարտ, 2019 12:27
Այսօր թյուր կարծիք է ձևավորվել, թե բանկերը խաբում են.Արտակ Հանեսյան

Այսօր թյուր կարծիք է ձևավորվել, թե բանկերը խաբում են, իրենց թանկ վարկերով հասարակությանը վատ վիճակի մեջ են գցում, գույք են խլում։Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանը՝ ամփոփելով ՀՀ բանկային համակարգի նախորդ տարվա գործունեությունը։ 

Ըստ նրա՝ բանկերն առևտրային կազմակերպություններ չեն, գույքի վաճառքով չեն զբաղվում, ավելին՝ բացի բանկային գործունեությունից այլ բիզնեսով չեն զբաղվում։ Ըստ նրա՝ բանկը շահ ու նպատակ չունի մարդկանց գույքի կամ բիզնեսի տեր դառնալ։ «Վարկերը, որոնք տրամադրվում են քաղաքացիներին, բանկերի անձնական միջոցները կամ ներդրողի կապիտալը չեն։ 

Վարկերը մարդկանց խնայողությունների հաշվին են, ովքեր ավանդի տեսքով վստահել են իրենց խնայողությունները բանկերին։ Մենք պատասխանատու ենք մեր ավանդատուների գումարների համար, այսինքն՝ պետք է այնպես տեղաբաշխենք, որ գումարը հետ ստանանք»,- ասաց Արտակ Հանեսյանը։

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, բանկային ցուցանիշը համեմատեց պետության ՀՆԱ-ի աճի հետ։ «Եթե դիտարկենք 7 տարվա կտրվածքով, ապա պետության ՀՆԱ-ն աճել է 40,7 տոկոսով, իսկ բանկային հիմնական ցուցանիշները գրեթե կրկնապատկվել են։ Սա խոսում է բանկային համակարգի առաջանցիկ զարգացման մասին տնտեսության նկատմամբ»,- ընդգծեց Սեյրան Սարգսյանը։

Արտակ Հանեսյանն էլ, վերոնշյալ ցուցանիշից ելնելով հայտարարեց, որ հաճախորդների ու միջազգային կազմակերպությունների վստահությունը բանկերի նկատմամբ ավելացել է, ինչն էլ հնարավորություն է տվել ավելի շատ միջոցներ ներգրավել հետագա վարկային պորտֆելում։

 

Լրահոս

Դիտել ավելին