Կարևոր իրադարձություններ

Խոշոր ու շղթայական ավտովթար «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում. բախվել են Toyota Camry-ն, Mercedes-ը, Ford-ն ու Opel-ը. կա վիրավոր. մեքենաներից 3-ը վերածվել են մետաղե ջարդոնի

18 Մարտ, 2019 22:55
Խոշոր ու շղթայական ավտովթար «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում. բախվել են Toyota Camry-ն, Mercedes-ը, Ford-ն ու Opel-ը. կա վիրավոր. մեքենաներից 3-ը վերածվել են մետաղե ջարդոնի

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում բախվել են Ford մակնիշի 75 VM 555 համարանիշի, Opel Astra մակնիշի 35 ZC 903 համարանիշի, Toyota Camry մակնիշի 18 ԼA 888 համարանիշի և Mercedes մակնիշի 36 AN 528 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վաղարշապատ բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի և հետաքննիչ Վարդան Բադալյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաներից 3-ը վերածվել են մետաղե ջարդոնի և, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենաներից Toyota Camry-ն ու Mercedes-ը կայանված են եղել և բախումը տեղի է ունեցել Mercedes-ի և Ford-ի միջև:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին