Կարևոր իրադարձություններ

Դատախազությունը կբողոքարկի քրեական հեղինակություն «Պոնտյո»-ին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

18 Մարտ, 2019 21:18
Դատախազությունը կբողոքարկի քրեական հեղինակություն «Պոնտյո»-ին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

ՀՀ դատախազությունը կբողոքարկի քրեական հեղինակություն «Պոնտյո» մականունով հայտնի Պետրոս Հարությունյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից։

Նշենք, որ մարտ 14-ին Պետրոս Հարությունյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 4-ին Երևան քաղաքի Ռոստովյան 69/6 հասցեում գործող բաղնիքում տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով երեք անձ ստացել էր մարմնական վնասվածքներ. ժամը՝ 21։50-ին «Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲ «աջ սրունքի վերին միջին երրորդ հրազենային գոտկային միջանցիկ վիրավորում» ախտորոշմամբ ընկերություն է ընդունվել Երևան քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Արման Գասպարյանը, իսկ  «ձախ սրունքի ստորին երրորդ թափանցող միջանցիկ հրազենային վնասվածք, ոտքի բաց բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ՝ Երևան քաղաքի բնակիչ, 14.10.1974թ. ծնված Արման Ապիյանը։

Նույն օրը, ժամը 22։00-ին «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր, աջակողմյան հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է ընդունվել 1983թ. ծնված Գևորգ Հարությունյանը։

Վիճաբանությունը տեղի էր ունեցել բաղտնիքի տնօրենի աշխատասենյակում։ Նախաքննության վարկածով՝ ժամը 21։30-ի սահմաններում, սպիտակ գույնի սեդան տեսակի ավտոմեքենայով բաղնիք են այցելել եղբայրներ` Երևանի բնակիչներ,  1988թ. ծնված, նախկինում դատված Հակոբ Հարությունյանը, 1983թ. ծնված Գևորգ  Հարությունյանը և  1984թ. ծնված, նախկինում դատված «Պոնտյո» մականվամբ Պետրոս Հարությունյանը։ Մտել են աշխատասենյակ, որտեղ էլ հնչել են կրակոցները։ Նախաքննության վարկածով՝  «Պոնտյո»-ն ատրճանակով կրակել է տնօրենի աշխատասենյակում գտնվող Գասպարյանի և  տնօրեն Ապիյանի ստորին վերջույթների ուղղությամբ՝ պատճառել հրազենային վնասվածքներ։ Վիճաբանության ժամանակ դանահարվել է նաեւ Հարությունյան եղբայրներից մեկը՝ Գեւորգը։

Պետրոս Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 112 հոդվածի 1-ին մասով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը եւ 235 հոդվածով, այն է՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը: Նա առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ Նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը դատարանը բավարարել էր, բայց նաեւ թույլատրելի համարել գրավի կիրառումը։

 

Լրահոս

Դիտել ավելին