Կարևոր իրադարձություններ

«Գում»-ի շուկայում կատվի կծոտած մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է

18 Մարտ, 2019 19:19
«Գում»-ի շուկայում կատվի կծոտած մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից այսօր համացանցում տարածված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է Երևանի թիվ 2 շուկայի («Գում»-ի շուկա) ներսում գործող մսի տաղավարներից մեկում կատուն թաթերի վրա ձգված ուտում կախված միսը, գրանցվել է որպես ահազանգ, և արագ արձագանքման խումբը մեկնել է դեպքի վայր: 

Ինչպես հայտնում են ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ խորը սառեցված 9,5 կգ խոզի միսը վաճառողի կողմից արդեն հանված է եղել վաճառքից և առանձնացվել է որպես շան կեր օգտագործելու համար: Տնտեսվարողի համաձայնությամբ՝ տեսչական մարմնի մասնագետների կողմից մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է: Տնտեսվարողին հանձնարարվել է միսը վաճառել միայն սառնարանից:

Մսի տաղավարների սանիտարահիգիենիկ պայմանները ՍԱՏՄ մշտական ուշադրության կենտրոնում են, և լուծումը կարող է լինել միայն համակարգային: Դեռևս մինչև միջադեպի արձանագրումը՝ այսօր առավոտյան, Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանձնարարել էր հանդիպում կազմակերպել այն տաղավարների սեփականատերերի հետ, որոնք միսը վաճառում են ոչ սառնարանային պայմաններում՝ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները քննարկելու համար: ՍԱՏՄ-ի կողմից լուծումներ կառաջարկվեն, իսկ դրանց չկատարման դեպքում կհետևեն վարչական պատասխանատվության կոնկրետ միջոցառումներ:


Եվս մեկ անգամ տեսչական մարմինը հորդորում է չգնել ոչ սառնարանային պայմաններում վաճառվող միս:

 

Լրահոս

Դիտել ավելին